aravot.am-ը գրում է
«Ես դա զգացել եմ 4-5 տարեկանում, որովհետև երբ տղաների հետ էի, ինձ էդտեղ ավելորդ էի համարում: Իսկ 7-8 տարեկանում հասկացա, որ ինձ դուր չի գալիս տղայի շորեր հագնելը, ու սկսեցի ինձ նույնացնել իգական սեռի հետ»: Այսպես է խոսում 19-ամյա տրանսգենդեր (սեռափոխ) Նորան, որին ծնողները սեռական կողմնորոշման պատճառով դուրս են արել տնից: Ծնված լինելով Հունաստանում՝ նա 7 տարեկանից ապրել է Հայաստանում:
Մայրը հույն է, հայրը՝ հայ: Մեր զրուցակիցը չցանկացավ նշել, թե ինչ է եղել իր իսկական անունը: Սեռական կողմնորոշման մասին առաջին անգամ ծնողներին հայտնել է 16 տարեկանում, երբ պատահաբար գտել են նրա անձնական օրագիրը: Ասում է՝ սկզբնական շրջանը շատ ծանր է եղել, ֆինանսական աջակցություն է ստացել ԼԳԲՏ (լեսբուհի, գեյ, բիսեքսուալ, տրանսգենդեր, հայերեն` ԼԳԵՓ` լեսբուհի, գեյ, երկսեռական, փոխսեռական) համայնքի կողմից: «Այն տունը, որտեղ հիմա ապրում եմ, 1 ամիս ժամանակ են տվել, որ ազատեմ, քանի որ տան տերն իմացել է, որ տրանսգենդեր եմ ու չի ցանկանում նման կենվոր ունենալ»,- ասում է Նորան:
2015 թ.-ին Նորան Հայաստանում վիրահատության միջոցով փոխել է ձայնը: Մոտ ապագայում ծրագրում է նաև սեռափոխության վիրահատություն կատարել արտերկրում: Մասնագիտությամբ ատամնաբույժ է, սակայն ուսումը կիսատ է թողել: Ասում է՝ տրանսգենդեր լինելու պատճառով հաճախ է բռնության ենթարկվել. «Դպրոցում էլ, համալսարանում էլ կոնֆլիկտներ շատ եմ ունեցել: Պատահել է՝ հարձակվել են վրաս, զուգարանում ծեծել, հետևիցս քարեր շպրտել»: Ժամանցի վայրերի մասին խոսելիս բռնության դեպքեր չի հիշում. «Մենակ մի անգամ պատահել է՝ընկերներիս հետ գնացի քաղաքի ակումբներից մեկը, մենեջերն էկավ ու ասաց՝ գնա նորմալ հագնվի, արի, կամ էլ դուրս արի էստեղից:
Էդ մեծ խտրականություն էր, որ ես որպես աղջիկ չեմ կարող հաճախել ակումբ»: Քաղաքում շրջելիս հիմնականում տղամարդու հագուստ է կրում, ասում է՝ «նեղվում եմ մարմնիցս»: Հաճախ փողոցում իր հասցեին տարբեր մեկնաբանություններ է լսում. «Հյուսիսային պողոտայում երեկոյան ժամերին անգամ գալիս, գին են հարցնում»:
Պատմում է, որ ծնողների հետ ապրելու ընթացքում աշխատել է ատամնաբուժարանում, սակայն երբ տնօրենն իմացել է կողմնորոշման մասին, աշխատանքից ազատել է: Նորայի խոսքով՝ ծնողները «Եհովայի վկաներ» կրոնական կազմակերպության անդամներ են և իրեն ստիպել են մասնակցել կազմակերպության հավաքույթներին, տարբեր աշխատանքներ կատարել: Դա էլ համարում է ծնողների հետ ունեցած ամենամեծ խնդիրներից մեկը: Այսօր նրանց հետ չի շփվում: Ընտանիքում միակ մարդը, որ նրան ընդունում է, հորաքույրն է: Պապիկի հետ նույնպես երբեմն շփվում է:
Եհովայի վկաների ընտանիքում մեծանալով՝ երբեք ծննդյան օրը չի նշել: Ասում է՝ մեկ անգամ ուզել է նշել, ծնողները դա մեղք են համարել. «10-րդ դասարանում առաջին անգամ ուզեցի ծնունդս նշել, բայց ծնողներս իմացան դրա մասին ու հարամ արեցին: Դրանից հետո տանն անընդհատ կոնֆլիկտներ էին լինում, թե իբր ես մեղքեր եմ գործում»: Նորան ժամկետային զինծառայություն չի անցնելու: Զինկոմիսարիատում սեռական կողմնորոշման մասին իմանալուց հետո նրան ուղարկել են հոգեբուժարան:
Նորան մտավախություն չունի, թե երբևէ կափսոսա իր սեռական կողմնորոշման համար, քանի որ տրանսգենդեր լինելով՝ իրեն երջանիկ է համարում. «Միայն թե ես լիարժեք երջանիկ կլինեմ, երբ վիրահատվեմ: Հիմա վատ եմ զգում, որ ստիպված եմ տղայի շորեր հագնել կամ ինձ զրկել շպարվելուց»: Ընտանիքում միակ մարդը, ում կարոտում է, զարմուհին է, որին արգելել են շփվել իր հետ, երբ իմացել են, որ ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչ է:
Նորան վստահեցնում է, որ ծնողների հետ շփումը վերսկսելուն դեմ չի լինի, եթե իրեն ընդունեն: Մանկության խաղալիքներից մեկը (փոքրիկ կառք) որպես հուշ պահում է իր մոտ: Պատմում է, որ փոքր ժամանակ մայրն է նվիրել. «Վերջին պահին մաման հանեց բոլոր իրերս, ուզում էր համոզեր, որ «նորմալ երեխա եմ եղել»: Էդ խաղալիքն էլ էդտեղից եմ գտել»:
Սեքսոլոգ Մնացական Փահլեւանյանը, անդրադառնալով սեռափոխության վիրահատությանը, նշում է, որ ամենալուրջ հետևանքը տրանսգենդերների մոտ կարող է լինել պտղաբերության գործառույթի բացակայությունը. «Սա ամենամտահոգիչ հանգամանքն է:
Բայց ընդհանուր առմամբ եթե սեռափոխության վիրահատությունը կատարվում է ըստ կոնկրետ ցուցումների, այսինքն` ապացուցվում է մարդու տրանսսեքսուալ լինելը, ապա նրա հետագա կյանքի բարդությունները հիմնականում կարող են պայմանավորված լինել սոցիումի անհանդուժողական վերաբերմունքով։ Եթե բուժումները ճիշտ են կատարվում, տվյալ մարդու հետ աշխատում են տաբեր մասնագետներ՝ հոգեբան, էնդոկրինոլոգ, սոցիոլոգ, սեքսոպաթոլոգ, ապա բարդությունները հետագա կյանքի հասնում են նվազագույնի»:
Մասնագետի համոզմամբ՝ սեռափոխության վիրահատությունը Հայաստանում վիճահարույց է՝ չնայած այն հանգամանքին, որ որոշ բուժհաստատություններ իրականացնում են. «Իրականում այդ վիրահատությունը բազմաթիվ բարդությունների հետ է կապված: Իհարկե, կա որոշակի սեռային առանձնահատկություն. տղա-տրանսսեքսուալներին ավելի հեշտ է դարձնել կին , քան աղջիկ-տրանսսեքսուալներին՝ տղա: Հիմնական բարդությունն առաջանում է , եթե վիրահատությունը չի կատարվում կամ մերժվում է ինչ-ինչ պատճառներով»: Սեքսոլոգը մեկնաբանում է. «Մարդու համար այլևս անհնար է դառնում ապրել «օտար» մարմնում , և նա փորձում է ինչ-որ ելք գտնել:
Եթե այդ ելքը չի ցուցաբերվում բժշկական տեսանկյունից , երբեմն հնարավոր է, որ դա ավարտվի ինքնասպանությամբ»: Հայաստանում ԼԳԲՏ անձանց թվի վերաբերյալ հստակ հետազոտական արդյունքներ չկան: Տարբեր աղբյուրներ նշում են, որ ԼԳԲՏ անձինք կազմում են Հայաստանի բնակչության 5-10%-ը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում