Վերջին ժամանակներս մսի եւ կարագի թանկացումն իր վրա գրավեց հասարակության ուշադրությունը։ Այդ նույն հասարակությանը դրանից առաջ մեկ այլ նորություն էր սպասում․ շաքարն ու բենզինն էժանացել էին։ Սակայն, բենզինով կարագը չես փոխարինի։ Բացի այդ, շատ ընտանիքներ գումար չունեն ոչ թե մեքենա, այլ մանկական հեծանիվ գնելու համար։
Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ տեղական արտադրության կարագի մասնաբաժինը սերուցքային կարագի արտադրանքի մեջ կազմել է միայն 6 տոկոս։ Ի դեպ, սերուցքային կարագի այդ նույն ընդհանուր ռեսուրսները բնակչության մեկ շնչի հաշվարկով կազմում են ամսական 130 գրամ։ Դա միջինում, քանի որ իրականում բնակչության մի ստվար հատված միայն հազվադեպ է թանկարժեք մթերք, այդ թվում սերուցքային կարագ գնում։ Հասկանալի է, որ այս թանկացումն ավելի կսահմանափակի նրանց հնարավորությունները։
Մաքսատան տեղեկություններով՝ մեկ կիսամյակում Հայաստան է ներմուծվել 2362 տոննա սերուցքային կարագ։ Համեմատության համար նշենք, որ անցյալ տարվա նույն ժամանակահատվածում այդ ապրանքի ներմուծման ծավալները 224 տոննայով կրճատվել են։ Հիմնականում կարագը ներմուծվում է Նոր Զելանդիայից, որի մասնաբաժինը 61 տոկոսից էլ բարձր է։ Նշենք, որ ներմուծման մեջ նորզելանդական կարագի մեծ տեսակարար կշիռը կարող է վկայել այդ մեծածախ շուկաի հնարավոր մոնոպոլիզացիայի մասին։
Նշված ժամանակահատվածում նորզելանդական կարագի միջին մաքսային գինն աճել է մոտ 26 տոկոսով։ Ստացվում է, որ կարագի թանկացումը մանրածախ վաճառքում հիմնավո՞ր է։ Սակայն այստեղ պետք է հաշվի առնել ոչ պակաս կարեւոր մի հանգամանք։
Նորզելանդական կարագի միջին մաքսային գինը մեկ կիլոգրամի համար կազմում էր 2․2 հազար դրամ։ Մայրաքաղաքի սուպերմարկետներից մեկում այդ նույն կարագի մանրածախ գինը կազմում է մոտ 4․6 հազար դրամ մեկ կիլոգրամի համար։ Հարց է առաջանում, թե ինչպե՞ս է մաքսատնից մինչեւ մանրածախ վաճառքի կետ կարագի գինը ավելի քան 2 անգամ աճում։ Այս հարցերով պետք է զբաղվի ՏՄՊՊՀ-ն։ Բայց հանձնաժողովը կարծես թե ավելի կարեւոր գործեր ունի։ Այնպես որ մենք ինքներս ենք ստիպված զբաղվել ինչ-ինչ հաշվարկներով։
Նախկինում Հայաստանում կարագի մաքսատուրքը կազմում էր 10 տոկոս։ ԵՏՄ երկրներում երրորդ երկրներից ներմուծվող ապրանքի տոկոսադրույքն ավելի բարձր է՝ 15 տոկոս։ Հաշվարկի համար ընդունենք այդ տոկոսադրույքը եւ գումարենք ԱԱՀ-ն։ Ինչպես հայտնի է, առեւտրային հավելավճարի մասին տեղեկությունը 7 կապի տակ գաղտնի են պահում։ Այդ պատճառով պայմանական ընդունենք 10 տոկոսը մեծածախ վաճառքի եւ 15 տոկոսը մանրածախի համար։
Հաշվարկներից հետո ստանում ենք մեկ կգ-ի համար 3․8 հազար դրամ, ինչը 1․2 անգամ պակաս է վերոնշյալ 4․6 հազար դրամից։ Ինչպես տեսնում ենք, տարբերությունը փոքր չէ՝ 800 դրամ մեկ կգ-ի համար կամ իրական արժեքի ավելի քան 17 տոկոսը։
Կա նաեւ մեկ այլ խնդիր։ Կարագի տեսականին մանրածախ առեւտրում շատ է։ Հաճախ գնորդների մոտ կասկածներ են առաջանում, թե արդյոք կարագի անվան տակ սպրեդ չի վաճառվում։ Այս հարցը նույնպես պարզաբանման կարիք ունի։
Նյութի աղբյուրը՝ News.am