Ռուսաստանի ՆԳ նախարար Վլադիմիր Կոլոկոլցեւը հայտնել է երկրի առանձին շրջաններում ազգամիջյան լարվածության աճի սպառնալիքի մասին, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Միգրանտների կատարած հանցագործությունների թիվը 9 տոկոսով կրճատվել է: Ընդհանուր ծավալում այսպիսի հանցագործությունների տեսակարար կշիռը 4 տոկոսից չի անցնում, սակայն առանձին շրջաններում ազգամիջյան լարվածության աճի սպառնալիք է առաջանում»,- չորեքշաբթի նա ասել է Պետական դումայում «կառավարության ժամի» ընթացքում:
Նախարարը որպես օրինակ նշել է Նոր Մոսկվայի «Բունինյան մարգագետիններ» բնակելի համալիրում Հայաստանից եւ Ուզբեկստանից 40 միգրանտի մասնակցությամբ զանգվածային ծեծկռտուքը: «Միայն ՆԳՆ-ի եւ Ռոսգվարդիայի աշխատակիցների միջամտության շնորհիվ հաջողվեց զոհերից խուսափել»,- նշել է Կոլոկոլցեւը:
Նրա խոսքով՝ գերատեսչությունը մտադիր է առանց վիզայի երկրներից ավելի քան 30 օրով Ռուսաստան ժամանող բոլոր արտասահմանցիների համար պարտադիր դարձնել մատնահետք վերցնելը եւ լուսանկարելը: Ըստ որում՝ Կոլոկոլցեւը նշել է, որ սա կմտցվի միայն համապատասխան բյուջետային ֆինանսավորում ստանալուց հետո: «Մենք այս հարցին երկու ձեռքով միշտ կողմ ենք: Ցավոք, բյուջետային ֆինանսավորումը կախված չէ մեր եւ ձեր ցանկություններից: Հենց այս հարցն ամբողջական ծավալով լուծվի, կլուծվի նաեւ այն հարցը, որի մասին դուք խոսում էիք»,- ասել է ՌԴ ՆԳ նախարարը՝ պատասխանելով արտաքին անցակետերում մատնահետք վերցնելու մասին պատգամավորի հարցին: