Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը նոյեմբերի 9-ին Երեւանում ընկերական հանդիպում անցկացրեց Բելառուսի թիմի հետ եւ առավելության հասավ 4:1 հաշվով: Արթուր Պետրոսյանի գլխավորած թիմը չէր հաղթել նախորդ 5 խաղերում՝ կրելով 4 պարտություն:
Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում կայացած խաղի սկզբնամասն անցում էր հավասար պայքարում, իսկ տեմպը բարձր չէր: Մեկնարկում թիմերը ստեղծեցին մեկական ոչ 100 տոկոսանոց գոլային պահեր, որոնք չօգտագործեցին: Ստադիոն եկած սակավաթիվ երկրպագուները պահպանում էին այնպիսի լռություն, որ տրիբունայից պարզ լսվում էին նույնիսկ ֆուտբոլիստների ձայները: 8-րդ րոպեին բելառուսները ստեղծեցին այս խաղի առաջին իրական գոլային պահը, բայց «Դինամո-Բրեստի» կիսապաշտպան Պավել Նեխայչիկի գլխով կատարած հարվածից հետո գնդակն ընթացավ փոքր շեղությամբ:
Խաղի տեմպը շարունակում էր մնալ շատ ցածր, իսկ գոլային պահեր գրեթե չկային: Հենրիխ Մխիթարյանը Ռումյան Հովսեփյանի հետ խաղում էր հենակետային կիսապաշտպանի դիրքում, իսկ Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմում ամենամեծ անակնկալն ուկրաինական «Վորսկլայի» կիսապաշտպան Գեղամ Կադիմյանի՝ ձախ պաշտպանի դիրքում հանդես գալն էր: Խաղակեսի միջնամասում հայկական թիմն ակտիվացավ եւ սկսեց գրոհի նմանվոր գործողություններ անել, իսկ բելառուսները գրեթե չէին գրոհում:
28-րդ րոպեին Հայաստանի հավաքականը տուգանային հարվածի իրավունք ստացավ վտանգավոր դիրքում, սակայն Հենրիխ Մխիթարանի հարվածից հետո գնդակն ընթացավ ուղիղ դարպասապահի վրա: Քիչ անց հյուրերը ստեղծեցին 2 գոլային պահ: Առաջին դեպքում Հայաստանի թիմին փրկեց դարպասաձողը, իսկ երկրորդում՝ Արսեն Բեգլարյանը որսաց մրցակցի՝ հարմար դիրքից կատարած թույլ հարվածը: 38-րդ րոպեին Արսեն Բեգլարյանն արդեն Հայաստանի թիմին փրկեց գոլից: ԲԱՏԷ-ի պաշտպան Մաքսիմ Վոլոդկոյի հարվածից հետո «Ալաշկերտի» դարպասապահը հրաշալի սեյվ կատարեց:
41-րդ րոպեին հանդիպման վրացի գլխավոր մրցավարը 11 մետրանոց հարված նշանակեց հյուրերի դարպասին: Գնդակին մոտեցավ Հենրիխ Մխիթարանը, որը 2 փորձից չկարողացավ գրավել դարպասը, իսկ վրա հասած Արաս Օզբիլիսը բացեց հաշիվը՝ 1:0:
Քիչ անց Հենրիխ Մխիթարանն ուղղեց իր սխալը եւ, մեն-մենակ դուրս գալով դարպասապահի դեմ, վստահորեն գրավեց դարպասը՝ 2:0:
Հատկանշական է, որ 2 գոլերից հետո էլ Հյուսիսային տրիբունայում հավաքված ՖԱՖ-ի երկրպագուները լուռ էին, իսկ Հարավային տրիբունայում գտնվող երկրպագուների «Ռեդ Իգլս» շարժումը սուլում էր:
Թիմերն ընդմիջման գնացին 2:0 հաշվի ժամանակ:
Երկրորդ խաղակեսն ավելի ակտիվ սկսեցին բելառուս ֆուտբոլիստները, եւ սկզբնամասում խաղն անցում էր դաշտի տերերի կիսադաշտում: Հյուրերի գրոհները վտանգավոր չէին ստանում, իսկ 55-րդ րոպեին գնդակը նաեւ երրորդ անգամ հայտնվեց նրանց դարպասում: Անկյունային հարվածի խաղարկման արդյունքում Հենրիխ Մխիթարյանի փոխանցումից հետո աչքի ընկավ Ռումյան Հովսեփյանը:
2 րոպե անց բելառուսները 11 մետրանոց հարվածով կրճատեցին հաշիվը: Հարվածն անթերի իրացրեց Մինսկի «Դինամոյի» հարձակվող Անտոն Սարոկան: Երկրորդ խաղակեսում խաղն ավելի ակտիվ էր ու հետաքրքիր: Հյուրերն ավելի շատ էին գրոհում, իսկ Հայաստանի թիմը ոչ հաճախ պատասխանում էր հակագրոհներով: Խաղակեսի միջնամասում Արթուր Պետրոսյանը դաշտ դուրս բերեց Գագիկ Դաղբաշյանին ու հավաքականում նորամուտը նշած Հայկ Իշխանյանին եւ անցավ 5 պաշտպաներով սխեմային:
Բելառուսներն աստիճանաբար մեծացնում էին տարածքային առավելությունը, թեեւ իրական գոլային պահեր ստեղծել չէր հաջողվում: Հայաստանի հավաքականը հաջող էր պաշտպանվում, իսկ վերջնամասում խփեց նաեւ չորրորդ գոլը: Գեղեցիկ գոլով խաղի վերջակետը դրեց փոխարինման դուրս եկած Էրիկ Վարդյանյանը, որը նորամուտը նշեց ազգային թիմում: Հայաստանի հավաքականն ընդհատեց առանց հաղթանակների 5-խաղյա շարքը:
Հիշեցնենք, որ 2018 թվականի սեպտեմբերին մեկնարկող ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայում Հայաստանի եւ Բելառուսի հավաքականներն ընգրկվել էին D դիվիզիոնում, որում տեղ էին գտել նաեւ ՈւԵՖԱ-ի ամենացածր վարկանիշով մյուս թիմերը: Ազգերի լիգայում կվիճարկվեն Եվրո-2020-ի եզրափակիչ փուլի 4 ուղեգրեր, որոնցից մեկը բաժին կհասնի D դիվիզիոնի թիմին:
Նոյեմբերի 13-ին Հայաստանի հավաքականը Երեւանում ընկերական խաղ կանցկացնի նաեւ Կիպրոսի հավաքականի հետ:
Ընկերական հանդիպում
Հայաստան - Բելառուս՝ 4:1
Արաս Օզբիլիս, 41, Հենրիխ Մխիթարյան, 45, Ռումյան Հովսեփյան, 55, Էրիկ Վարդանյան, 84 - Անտոն Սորոկա, 56, 11մ
Հայաստան. Արսեն Բեգլարյան, Հովհաննես Համբարձումյան, Գաել Անդոնյան, Արտյոմ Միքայելյան, Գեղամ Կադիմյան (Գագիկ Դաղբաշյան, 68), Ռումյան Հովսեփյան, Հենրիխ Մխիթարյան (Արտակ Գրիգորյան, 74), Էդգար Մալաքյան (Էրիկ Վարդանյան, 78), Արաս Օզբիլիս (Արտյոմ Սիմոնյան, 46), Մարկոս Պիզելի (Հայկ Իշխանյան ,67), Տիգրան Բարսեղյան (Ռուսլան Կորյան, 74):
Բելառուս. Ալեքսանդր Գուտոր («Չեռնոմորեց», Ուկրաինա), Իգոր Բուրկո («Շախտյոր», Սոլիգորսկ), Սերգեյ Պոլիտեւիչ («Գենչլերբիրլիգի», Թուրքիա), Նիկիտա Նաումով («Վիտեբսկ»), Մաքսիմ Վոլոդկո (ԲԱՏԷ), Նիկիտա Կորզուն («Դինամո Կիեւ», Ուկրաինա), Ալեքսանդր Կարնիցկի («Տոսնո», Ռուսաստան), Արտյոմ Բիկով («Դինամո-Մինսկ»), Պավել Սեդկո («Դինամո-Բրեստ»), Պավել Նեխայչիկ («Դինամո-Բրեստ»), Անտոն Սորոկա («Դինամո-Մինսկ»):