«Ժամանակ» թերթը գրում է. «Զինապարտության մասին» օրենքի նախագծի կամ այսպես ասած՝ տարկետման չեղարկման օրենքի նախագծի դեմ հանդես եկող ուսանողական խմբի բողոքի ակցիաների երրորդ օրը նրանց ընդունեց վարչապետ Կարեն Կարապետյանը, որի հետ հանդիպմանը ներկա է եղել նաեւ օրենքի հեղինակը եւ ուսանողների բողոքի թիրախը՝ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:
Իրադարձությունների այդ զարգացումը որոշակիորեն անսպասելի էր մի քանի պատճառով: Նախ՝ առաջին երկու օրերին որեւէ կերպ չստացվեց պաշտպանության նախարարի եւ բողոքող ուսանողների, այսպես ասած, հաղորդակցությունը, եւ նույնիսկ տպավորություն առաջացավ, որ նրանց մոտ, բացի օրենքի նախագծի շուրջ, այսպես ասած, տարակարծությունից, առաջանում է նաեւ «անձնական հակադրություն», եւ թվում էր, որ իրավիճակը արդեն ստանում է որոշակի իռացիոնալ բնույթ, ու կողմերը ընդհուպ կարող են մոտենալ մի իրավիճակի, երբ քայլեր կանեն արդեն ոչ թե համոզումներից, մոտեցումներից դրդված, այլ այսպես ասած՝ ի հեճուկս, թասիբից դրդված: Իսկ դա, իհարկե, չէր տանի որեւէ լավ տեղ թե՛ մեկ, թե՛ մյուս կողմին, թե՛ առավել եւս բանակին ու դրա շուրջ մթնոլորտը:
Մյուս հանգամանքն այն է, որ վարչապետ Կարեն Կարապետյանը ոչ միայն ուսանողական բողոքի առիթով որեւէ կերպ չի արտահայտվել եւ ոչ միայն «Զինապարտության մասին» օրենքի նախագծի վերաբերյալ չի հայտնել իր մոտեցումը, այսպես ասած՝ չի մտել դրա պատասխանատվության տակ, այլ գործնականում լռել է ազգ-բանակ հայեցակարգի մասին ընդհանրապես: Իսկ դրա պատճառը կարող է լինել այն, որ Կարեն Կարապետյանն այդ հայեցակարգը համարում է Սերժ Սարգսյանի եւ Վիգեն Սարգսյանի քաղաքական նախագիծը, որը ոչ միայն առնչություն չունի իր հեռանկարների եւ խնդիրների հետ, այլ կարող է լինել նաեւ դրանց հետ որոշակի հակասության մեջ: Ահա այդ իմաստով, զուտ դիրքավորումների եւ այսպես ասած՝ քաղաքական հայտերի բովանդակության տեսանկյունից Կարեն Կարապետյանի համար, թերեւս, ամենեւին վատ չէր լինի, եթե Սերժ Սարգսյանի եւ Վիգեն Սարգսյանի քաղաքական պլատֆորմի խոփը ինչ-որ տեղ, գոնե ինչ-որ ժամանակով ու ծավալով դեմ առներ քարին:
Մյուս կողմից՝ հենց այդ հանգամանքը տրամաբանական էր դարձնում Կարապետյանի հանդիպումը ուսանողների հետ եւ հատկապես երրորդ օրը, այսինքն՝ այն բանից հետո, երբ առաջացավ լարում նրանց եւ պաշտպանության նախարար Սարգսյանի միջեւ, եւ փաստացի ստեղծվեց մի վիճակ, որ Վիգեն Սարգսյանը գնում է կոշտ հակադրության ճանապարհով: Ահա այդ իրավիճակում Կարեն Կարապետյանի խաղի մեջ մտնելը պարունակում է Վիգեն Սարգսյանի ֆոնին դիվիդենտ քաղելու շոշափելի հնարավորություն: Բայց հետաքրքիր է այն, որ Կարապետյանը ուսանողներին հանդիպում է Վիգեն Սարգսյանի հետ, նաեւ կրթության ու գիտության նախարարի՝ դաշնակցական նախարարի, ինչը, թերեւս, պակաս էական հանգամանք չէ:
Այստեղ իրավիճակը ստանում է բավականին բազմազան երանգներ: Մի կողմից՝ Կարեն Կարապետյանը միավոր է հավաքում, հանդես է գալիս հանդուրժողության, այսպես ասած՝ հանրությանը հաշվի առնողի դերում, առավել եւս, որ հանդիպումից հետո երիտասարդները հայտարարեցին, որ գոնե հաղորդակցության առումով նրանից տպավորությունը եղել է դրական, մյուս կողմից էլ՝ Կարեն Կարապետյանը, այդ ամենով հանդերձ, որեւէ տարբեր բան, հուսադրող բան չի ասում՝ ուսանողների տեսանկյունից, իհարկե, դրական եւ հուսադրող: Այդ իմաստով էլ ստացվում է, որ Կարապետյանը ոչ թե միավոր է հավաքում, այլ պարզապես ստիպված է եղել խախտել լռությունն ու պաշտպանության նախարարի եւ կոալիցիոն գործընկեր Դաշնակցության ներկայացուցչի, այսպես ասած, ներկայությամբ հանդես է եկել օրենսդրական նախաձեռնության պաշտպանությամբ՝ այս կամ այն կերպ ստանձնելով իրավիճակի համար քաղաքական պատասխանատվության իր մասը եւ չկարողանալով, այսպես ասած, մնալ «մաքուր ձեռքերով»:
Ընդ որում՝ հետաքրքիր հանգամանք է եւ այն, որ այդ կազմով հանդիպումը տեղի է ունենում այն բանից հետո, երբ Սերժ Սարգսյանը ժողովրդագրական թեմայով խորհրդակցություն էր հրավիրել նախագահական նստավայրում եւ հավաքել գրեթե ամբողջ կառավարման համակարգը՝ բացառությամբ ուժային կառույցների: Չի բացառվում, որ այդ խորհրդակցության ոչ հրապարակային մի մասն էլ վերաբերել է զինապարտության մասին կամ տարկետման վերաբերյալ օրինագծի շուրջ ստեղծված վիճակին:
Բացառված չէ, որ Սարգսյանը կա՛մ հանձնարարել է մենակ չթողնել Վիգեն Սարգսյանին, հատկապես Կարեն Կարապետյանի մասով, որի մոտ կարող էր նկատել Սարգսյանի հանդեպ մրցակցային տագնապներ, կա՛մ էլ պարզապես ամբողջական հանձնարարական է տվել ստեղծված իրավիճակը չփորձել օգտագործել ներիշխանական հաշիվներ մաքրելու համար եւ այդ իսկ պատճառով հորդորել է հավաքական հանդիպում ունենալ ուսանողների հետ եւ հավաքական պատասխանատվություն ստանձնել նախաձեռնության համար:
Այդ տեսանկյունից Սերժ Սարգսյանը գուցե զրոյացրել է ներիշխանական դիմակայության մի քանի կողմի մինչ այժմ հավաքած միավորները»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում