«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն իր երեկվա նիստում միաձայն որոշում կայացրեց գազի և էլեկտրաէներգիայի սակագները բարձրացնելու մասին. հուլիսի 1-ից գազի 1 խմ-ի համար բնակչությունը պետք է վճարի 156 դրամ` ներկայիս 132 դրամի փոխարեն: Իսկ էլեկտրաէներգիայի սակագինը հուլիսի 1-ից կդառնա 38 դրամ` 30-ի փոխարեն: Այս որոշումն իր բացասական հետևանքներն է ունենալու սոցիալ-տնտեսական վիճակի վրա. առաջիկայում կթանկանան բոլոր ապրանքատեսակներն ու ծառայությունները` գրեթե առանց բացառության: Մյուս կողմից անփոփոխ են մնալու բնակչության եկամուտները. համենայնդեպս որևէ քայլ չի արվում աշխատավարձերի և կենսաթոշակների իրական բարձրացման համար: Իսկ դա նշանակում է, որ առաջիկայում Հայաստանում մարդիկ շատ ավելի վատ են ապրելու, քան առաջ: Իսկ թե արդյոք իրավիճակը կարող է հանգեցնել սոցիալակն բունտի, ժամանակի խնդիր է, քանի որ մեր երկրում անգամ թոշակառուներն իրենց հասանելիքը չեն կարողանում ստանալ: Արդեն մի քանի օր է` Հայաստանի թոշակառուները գնում են իրենց գրոշները ստանալու, և պարզվում է, որ իրենք ցուցակներում չկան: Այդ չարաբաստիկ ցուցակները դարձել են համապետական ընտրացուցակները, որտեղ ողջերը չկան, իսկ մահացածները պատվավոր տեղում են»:
Ապահով Հայաստանի աղքատացման ընթացքը
