Երեկ մի շարք լրատվամիջոցների ներկայացուցիչներ այցելել էին Նոյեմբերյանի այն նույն զորամասը, որտեղ տեղի էր ունեցել ժամկետային զինծառայող Լյուքս Ստեփանյանի սպանությունը:
Հիշեցնենք, որ այս զորամասում մայիսի 15-ին ժամը 15:30-ի սահմաններում ժամկետային զինծառայող, շարքային Դավիթ Ռաֆայելի Խաչատրյանն իրեն ամրակցված ԱԿՄ տեսակի ինքնաձիգից կրակոց է արձակել, ինչի արդյունքում պահակախմբում ընդգրկված ժամկետային զինծառայող, շարքային Լյուքս Ստեփանյանը գլխի շրջանում ստացած հրազենային վիրավորումից տեղում մահացել է, իսկ նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Հրաչյա Վաղինակի Սարգսյանը գլխի շրջանում ստացել էր հրազենային վիրավորում:
Այցի ընթացքում զորամասին հրամանատար Վահագն Ասատրյանը լրագրողներին ցույց տվեց դեպքի վայրն ու պատմեց դեպքի մանրամասները:
Դեպքը տեղի է ունեցել զորամասի պահակակետում: Հրամանատարը նշեց, որ ժամապահը մահացած և վիրավոր զինվորից ժամ է հարցրել, սակայն վերջիններս չեն պատասխանել, որից հետո ժամապահի և զինվորների միջև վեճ է սկսվել և արդյունքում հնչել է կրակոցը:
YerevanNews.am-ի տեսանյությում հրամանատարը ցույց է տալիս դեպքի վայրը և ներկայացնում է մանրամասները:
Նշենք նաև, որ հրամանատարը տեղեկացրեց լրագրողներին, որ երեք զինվորներն էլ աչքի են ընկել իրենց կարգապահությամբ: