Արմավիր քաղաքի «Մանուշակ» մանկապարտեզում 3-ամյա երեխային պատանդ վերցնելու մեջ մեղադրվող Արգամ Հովիկյանը ներկայումս գտնվում է «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում, նրա կյանքին վտանգ չի սպառնում: Այս մասին NEWS.am-ին տեղեկացրեց մեղադրյալի պաշտպան Արսեն Սարգսյանը:
Պաշտպանը հայտնեց, որ Արգամ Հովիկյանն արդեն ցուցմունք է տվել եւ պատմել, թե ինչն է եղել կոնֆլիկտի հիմնական պատճառը:
«Արգամ Հովիկյանը գնացել է, որ կնոջ հետ առանձին խոսի, համոզի, որ չլսի իր ծնողներին եւ նորից միասին ապրեն: Ըստ նրա ցուցմունքի` կնոջ ծնողներն են եղել իր ընտանիքի քայքայման պատճառը, իր կինն էլ ցանկացել հետ վերադառնալ, սակայն ծնողները ճնշում են գործադրել նրա վրա»,-ասաց պաշտպանը:
Արսեն Սարգսյանի խոսքով` Արգամ Հովիկյանի նպատակը միայն կնոջ հետ խոսելն ու նրան տուն վերադարձնելն է եղել:
«Նրա նպատակը միայն այն է եղել, որ կնոջը համոզի, տանի տուն, իսկ եթե կինը չհամաձայնի, մտադրություն է ունեցել նրա աչքի առաջ ինքնասպանություն գործել եւ իր կյանքին վերջ դնել: Սակայն երբ տեսել է, որ ոստիկանները շրջափակել են մանկապարտեզը եւ կինն էլ արդեն այդտեղ չի եղել, երեխային է պահել իր մոտ, որ պահանջի` կնոջն իր մոտ բերեն, որ նրա աչքի առաջ ինքնասպան լինի»,-ասաց պաշտպանը:
Փաստաբանն ավելացրեց, որ Արգամ Հովիկյանի արյան նմուշի փորձաքննության արդյունքները դեռ չեն ստացվել: Նշենք, որ այդ փորձաքննությամբ պարզ կլինի` դեպքի պահին մեղադրյալը եղել է ալկոհոլի ազդեցության տակ, թե ոչ: Ի դեպ, տեսակետ կա, որ Հովիկյանը մանկապարտեզ է մտել ալկոհոլ օգտագործած վիճակում:
Ավելի վաղ ոստիկանությունը հայտնել էր, որ 2017թ. հոկտեմբերի 30-ին, ժամը 16:25-ին ահազանգ է ստացվել, որ մի տղամարդ դանակով զինված ներխուժել է Արմավիր քաղաքի «Մանուշակ» մանկապարտեզ: Պարզվել է, որ այդ քաղաքացին Արգամ Հովիկյանն է, որը դանակի սպառնալիքով մանկապարտեզում պատանդ է պահել 3-ամյա երեխայի՝ պահանջելով հանդիպում իր նախկին կնոջ հետ:
Նրա հետ բանակցություններ են վարել իրավապահ մարմինների ներկայացուցիչները: Բանակցությունների ընթացքում ոստիկանության ծառայողներին հաջողվել է երեխային անվնաս հանել սենյակից:
Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ քննիչը որոշում է կայացրել տղամարդուն մեղադրանք առաջադրել Քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով եւ 218-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ եւ 4-րդ կետերով: Նա կալանավորված է