«Ժամանակ» թերթը գրում է. «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները նոյեմբերի 16-ին հայտարարություն են տարածել այն մասին, որ Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարները համաձայնել են հանդիպել դեկտեմբերի կեսին Վիեննայում տեղի ունենալիք ԵԱՀԿ նախարարական ժողովի շրջանակում: Արտգործնախարարների հանդիպման պլանավորման մասին հայտնի դարձավ դեռեւս Ժնեւի բանակցությունից հետո, եւ այդ առումով, իհարկե, Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունն անսպասելի չէ:
Նորը Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունն է արտգործնախարարների հանդիպելու համաձայնության մասին, որն այս դեպքում հետաքրքիր, ուշագրավ ու փոքր-ինչ տարօրինակ է իր բովանդակության մեջ կիրառվող մեկ-երկու բառակապակցության պատճառով:
Համենայնդեպս, Մինսկի խմբի համանախագահ եռյակի հայտարարություններում կարծես թե առաջին անգամ ենք տեսնում երկու ձեւակերպում՝ «սուբստանտիվ հարցեր» եւ «լարվածության թուլացմանն ուղղված հստակ միջոցներ»: Համանախագահները նշում են, որ պատրաստելու են արտգործնախարարների բանակցության օրակարգը, որն էլ կներառի քաղաքական կարգավորման սուբստանտիվ հարցեր եւ լարվածության թուլացման հստակ միջոցներ: Ինչ իմաստ է դրված «սուբստանտիվ հարց» բառակապակցության մեջ՝ միարժեք ասելը բավականին բարդ է, քանի որ այդ տերմինն ունի իմաստային տարբեր երանգներ, մի կողմից՝ կարող է նշանակել, այսպես ասած, որեւէ կախվածություն չունեցող հարցեր, մյուս կողմից՝ կարող է ենթադրել առարկայական, շոշափելի հարցեր: Բոլոր դեպքերում, բառի կարծես թե աննախադեպ կիրառումը գրավում է ուշադրություն եւ առաջացնում հարց, թե ինչ է նշանակելու այդ աննախադեպ կիրառումը գործնականում, ինչ է դա ենթադրելու, ինչով է այդ տեսանկյունից տարբերվելու արտգործնախարարների ներկայիս բանակցությունը, ասենք, նախորդ բանակցություններից:
Հարց է նաեւ, թե «սուբստանտիվ հարցերը» ո՞ր քաղաքական կարգավորման առումով պետք է իբրեւ օրակարգ պատրաստեն համանախագահները, ինչքանո՞վ են հանդիսանալու, այսպես ասած, մինչ այժմ սեղանին եղած հարցերի նոր մշակումներ կամ լրամշակումներ, թարմացում, եւ ինչքանո՞վ են լինելու բոլորովին նոր տարրեր պարունակող առաջարկներ կամ լիովին նոր դետալներ հին առաջարկներում: Թե՞ համանախագահներն անցնում են նոր տերմինաբանության կամ բառակապակցությունների զուտ, այսպես ասած, տեղեկատվա-քարոզչական նկատառումներից եւ իրական բանակցային գործընթացում կամ օրակարգում որեւէ նորության բացակայությունը, այսպես ասած, քողարկելու նկատառումից:
Համանախագահների հայտարարության մեջ մյուս աննախադեպ ձեւակերպումը առավել պարզ է եւ դրանով իսկ առավել ուշագրավ, թեեւ, իհարկե, դարձյալ մի շարք հարցեր առաջացնող: Նրանք խոսում են այն մասին, որ օրակարգը նախապատրաստելիս ներկայացնելու են շփման գծում լարվածության թուլացման հստակ միջոցներ: Դա նշանակում է, համենայնդեպս իմաստային առումով, հրադադարի պահպանման վերաբերյալ ընդհանուր հայտարարություններից կամ այսպես ասած՝ դիվանագիտա-հռչակագրային դիրեկտիվներից անցում արդեն շատ կոնկրետ առաջարկների եւ գործողությունների: Եվ այստեղ, իհարկե, հարց է առաջանում՝ «հստակ միջոցները» ենթադրելու են, այսպես ասած, հրադադարի պահպանման մեխանիզմի ներդրման «ճանապարհային քարտե՞զ», թե՞ փոքր քայլեր, ասենք՝ դիպուկահարների հետքաշում առաջնագծից՝ առայժմ բավարարվելով դրանով:
Մյուս հարցը, թերեւս, այն է, թե արդյոք կողմերին տրվելո՞ւ է ժամանակ՝ այդ հստակ միջոցների վերաբերյալ դիրքորոշում հայտնելու համար, թե՞ հենց Վիեննայում պետք է լինի կոնկրետ եւ հստակ համաձայնություն ու պայմանավորվածություն՝ կատարման ժամանակացույցով: Համանախագահների հայտարարությունը, այսպես ասած, հարցերի տեղիք տալու առումով, իհարկե, աննախադեպ է, եւ թերեւս կարեւոր է նաեւ հանրագումարային մի հարց՝ որքանո՞վ են քաղաքական կարգավորման «սուբստանտիվ հարցերը» փոխկապակցված լինելու լարվածության թուլացման «հստակ միջոցներին»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում