Նոյեմբերի 24-ին ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ յոթերորդ կայազորային քննչական բաժնում հաղորդում է ստացվել, որ նույն օրը՝ ժամը 09:55-ին, ՀՀ ՊՆ Վանաձորի կայազորային զինվորական հոսպիտալ է տեղափոխվել ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող Գառնիկ Բորիսի Պետրոսյանի դին:
ՀՀ Քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ նախնական քննության տվյալներով՝ պայմանագրային զինծառայող Գառնիկ Պետրոսյանը 24.11.2017թ.՝ ժամը 09:30-ի սահմաններում, դիմել է զորամասի բուժկետ՝ գանգատվելով կրծքավանդակի հատվածում սեղմոցից:
Զորամասի բուժկետից Գ.Պետրոսյանն ուղեգրվել է ՀՀ ՊՆ Վանաձորի կայազորային զինհոսպիտալ, սակայն վերջինս զինհոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին մահացել է: Ըստ նախնական ախտորոշման՝ Գ.Պետրոսյանը մահացել է սրտամկանի ինֆարկտից:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Վանաձորի ՊՆ N զորամասում նոյեմբերի 24-ի առավոտյան 36-ամյա պայմանագրային զինծառայողը, նախնական տվյալներով, սրտի կաթվածի հետեւանքով է մահացել:
NEWS.am-ի հետ զրույցում Շահումյանի գյուղապետ Էդիկ Մանուկյանն էլ նշել էր, որ մահացած զինծառայող Գառնիկ Պետրոսյանը երկար տարիներ ապրել է Շահումյանում, նա ամուսնացած էր եւ ունի երկու անչափահաս երեխա: Ընտանիքի հետ գյուղում ապրելիս է եղել վարձով: Գառնիկ Պետրոսյանը նախկին ոստիկան է, երկու տարի առաջ էր դուրս եկել աշխատանքից եւ ծառայության անցել ՀՀ զինված ուժերում: