Մի քանի տասնյակ ահազանգեր Երեւանից եւ մարզերից` անձնագրերի տվյալների հավաքագրման կապակցությամբ: Դրանք հավաքագրվում են դպրոցների ուսուցիչներից, մանկապարտեզների, հիվանդանոցների եւ պոլիկլինիկաների, պետական հաստատությունների, ՏԻՄ-երի, սուպերմարկետների, խոշոր գործարանների աշխատակիցներից` այդ հաստատությունների ղեկավարության հրահանգով: Պարտադրվում է ներկայացնել ոչ միայն սեփական անձնագրերի պատճենները եւ/կամ տվյալները, այլեւ՝ ընտանիքի անդամների:

Կան ահազանգեր կոմունալ վճարների մարման դիմաց Սերժ Սարգսյանի օգտին քվեարկելու առաջարկների մասին:

Վարչական ռեսուրսի կիրառման փաստերն արձանագրված են նաեւ «Ազատություն» ռադիոկայանի տեսանյութում` http://www.youtube.com/watch?v=qMua3B0fJvs: Ինչպես գիտենք, ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը 31.01.2013 գրություն է ուղարկել ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանին, որում առաջարկել է Ագարակի դպրոցի տնօրենի նկատմամբ կիրառել կարգապահական տույժ` Ագարակ գյուղ ՀՀ նախագահի այցելության ժամանակ մշակույթի տանը կայացած հանդիպմանը գյուղի դպրոցի ուսուցիչների եւ աշակերտների մասնակցությունը թույլ տալու համար, ինչի արդյունքում խաթարվել է ուսումնական գործընթացը: Սակայն գործող նախագահի քարոզարշավի ընթացքը ցույց է տալիս, որ նման խախտումները համատարած են, իսկ որեւէ իրական պատիժ չի կիրառվում կարգազանց տնօրենների հանդեպ: Նման խախտումների մասին ահազանգեր են գրանցվել նաեւ iditord.org կայքում:

Կան մի քանի ահազանգեր նաեւ դպրոցներում ծնողական ժողովների մասին, որոնց ընթացքում դպրոցների տնօրենները եւ ուսուցիչները բացահայտ քարոզչություն են իրականացնում Սերժ Սարգսյանի օգտին: Մեր աղբյուրները ցանկացել են մնալ անանուն` մտահոգ լինելով, որ իրենց երեխաներին կարող է սպառնալ վատ վերաբերմունք դպրոցի տնօրինության կողմից: Սա էլ փաստում է երկրում վախի մթնոլորտի առկայության մասին: Որոշ դպրոցների տնօրեններ միջնորդավորված զանգահարում է դպրոցի ուսուցիչներին եւ հարցնում, թե ում են ընտրելու: Եթե ուսուցիչը պատասխանում է, որ ընտրելու է Րաֆֆի Հովհաննիսյանին, աշխատանքից ազատվելու սպառնալիքի է ենթարկվել:

Նախագահի թեկնածու, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից թույլ են տրվել նախընտրական քարոզչության իրականացման խախտումներ: Այսպես՝ ՀՀ ընտրական օրենսգրքի 20-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն. «2. Քարոզչական պաստառներ կարող են փակցվել միայն սույն հոդվածով նախատեսված տեղերում: Արգելվում է քարոզչական պաստառներ փակցնելը պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների զբաղեցրած շենքերի, հասարակական սննդի, առեւտրի օբյեկտների եւ հասարակական տրանսպորտի վրա կամ ներսում` անկախ սեփականության ձեւից»:

Ի խախտումն վերը նշված դրույթի, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի քարոզչական պաստառները փակցված են պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների զբաղեցրած շենքերի, հասարակական սննդի, առեւտրի օբյեկտների վրա: Դրանք համատարած բնույթ են կրում Երեւան քաղաքում` հատկապես Երեւանի Շինարարների եւ Ազատության (Ռայկոմ) փողոցներում գտնվող խանութների վրա, Ապարան քաղաքում` խանութների վրա, այլ բնակավայրերում (այդ թվում Երեւան քաղաքի)` խանութների վրա եւ արգելված այլ վայրերում:

Այս խախտումները ոչ միայն Ընտրական օրենսգրքի նշված կետի խախտում են, այլեւ վարչական ռեսուրսի չարաշահում, քանի որ նրանք ունեն լիցենզիա ստանալու եւ/կամ երկարացնելու խնդիր եւ, համապատասխանաբար, կախվածություն պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմիններից:

Սույն ասուլիսը հանդիսանում է Րաֆֆի Հովհաննիսյանի ընտրական շտաբի կողմից արձանագրված խախտումների մասին իրազեկում, այդ թվում ՝ նա եւ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանին ու ԿԸՀ-ին: Արձանագրված խախտումների վերաբերյալ նյութերը կներկայացվեն ԿԱՀ, որը պարտավոր է իր վերստուգիչ-վերահսկիչ ծառայության միջոցով ֆիքսել այդ ամենը եւ խախտումները վերացնելու ուղղությամբ որոշում կայացնել եռօրյա ժամկետում: