Նպատակ որոշել
Ամանորի գիշերը կարող է Ձեզ երջանկություն պարգեւել՝ իրականացնելով ցանկացած երազանք, քանի որ աշխարհում ոչ մի անհնարին բան չկա։ Բայց դրա համար «ցանկությունը» պետք է վերածել «նպատակի»։ Ամեն օր մինչեւ Ամանոր պետք է բարձրաձայն հնչեցնել ձեր ամենանվիրական ցանկությունը՝ ընդ որում հաստատական ձեւով՝ այնպես, ասես դուք արդեն ստացել եք այն, ինչ ուզում էիք։ Ցանկության էներգիան օրեցօր կավելանա, ու երբ դուք այդ ցանկությունը պահեք ամանորյա զանգակների ղողանջի ներքո, այն հզոր էներգետիկ խթան կստանա, որը կարող է վերացնել բոլոր խոչընդոտները ձեր նպատակի իրականացման ճանապարհին։
Ավելորդ բաներից ազատվել
Ավելորդ ասելով՝ նկատի ունենք հին, անպիտան իրերը՝ փոշոտ գրքերը, զգեստները, որոնք տարիներ շարունակ ոչ մի անգամ չեք հագել, վնասված սպասքը եւ այլն։ Սակայն այս ցանկում եւս մեկ կարեւոր բան կա՝ հին իրերից բացի ձեզ ազատեք ավելորդ ու անպիտան կապերից ու զգացմունքներից։
Ձեզ հյուծող հարաբերությունները, ընկերական հարաբերություները, որոնք ձեզ հոգնեցնում են ու հյուծում, խնդրանքները, որոնք վաղուց պահանջների են վերածվել, հին վիրավորանքները, որոնք առայսօր տանջում են ձեզ, այդ ամենը ավելորդ բեռ է, որը խանգարում է ձեզ արագ անցնել դեպի նպատակի իրականացում տանող ճանապարհը։ Որպեսզի նոր տարին ձեզ նոր կյանք բերի՝ այրեք բոլոր ավելորդ կապաններն ու կամուրջները։
Պարտքերը վերադարձնել
Իհարկե, եթե դուք պարտաճանաչ վճարում եք վարկը, ուրեմն պետք չէ անմարդկային ջանքեր գործադրել՝ այն ժամանակից շուտ մարելու համար։ Իսկ, ահա, եթե գումար եք պարտք ձեր մտերիմներին կամ որեւէ խոստում չեք կատարել՝ այդ բոլոր խոստումներն ու պարտքերը պետք է հասցնեք մարել մինչեւ Ամանոր։ Էքստրասենսները խորհուրդ են տալիս կազմել այդ պարտքերի ցանկը՝ սկսած մինչեւ գրադարանից վերցված գրքեր, ու փակել այդ բոլոր պարտքերը մինչեւ դեկտեմբերի վերջը։