Երեւանի Հատուկ (ուսանողական) պոլիկլինիկայի բժիշկները, որը լուծարման ընթացքում է գտնվում, դժգոհում են, որ ԱՆ-ն իրենց նոր աշխատատեղեր է առաջարկում Երեւանի ծայրամասերում կամ էլ քաղաքից դուրս, իսկ որոշ աշխատատեղեր առհասարակ ֆիկտիվ են։

NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում պոլիկլինիկայի բժիշկներից մեկը հայտնել է, որ իրենք դեռ շարունակում են կես դրույքով աշխատանքի գալ Հատուկ պոլիկլինիկա, քանի դեռ իրենց աշխատանքի տեղավորելու հարցը վերջնականապես չի լուծվել։ Նա նշել է, որ բուժաշխատողներին իրոք զանգահարում ու թափուր աշխատատեղեր են առաջարկում, բայց բոլոր առաջարկվող տեղերը կամ Երեւանի ծայրամասերում են գտնվում, կամ քաղաքից դուրս, ինչը շատերին անհարմար է՝ բնակության վայրի ու ընտանեկան հանգամանքների պատճառով։ Այն բուժաշխատողներին, որոնք մոտ են կենսաթոշակային տարիքին, նույնպես առաջարկել են աշխատատեղեր, բայց եղել են դեպքեր, երբ այդ աշխատատեղի համար նրանք զանգահարել են ու պարզվել է, որ այնտեղ առհասարակ նման թափուր աշխատատեղ չկա, ու աշխատողները միայն «թղթի» վրա են հաշվառվելու։

Պոլիկլինիկայի լուծարման գլխավոր պատճառը, ըստ ԱՆ-ի, «կրկնվող գործառույթն է», այսինքն՝ ուսանողը ե՛ւ Հատուկ պոլիկլինիկայում է հաշվառված, ե՛ւ բնակության վայրին կցված պոլիկլինիկայում, ու տեղի է ունենում գործառույթների կրկնություն։ Բայց պոլիկլինիկայի աշխատողների տրամադրած տեղեկություններով՝ այլ քաղաքից կամ երկրից յուրաքանչյուր ուսանողի համար հատկացվող գումարի 1/4 մասն էր փոխանցվում Հատուկ պոլիկլինիկային, իսկ Երեւանում բնակվող ուսանողների համար՝ 1/3-ը։ Մնացած գումարը թաղամասային պոլիկլինիկան էր ստանում։

«Մենք անցկացնում ենք բոլոր անհրաժեշտ հետազոտությունները, մինչեւ ուսանողին ֆիզկուլտուրայի կամ էլ տարբեր խմբակային պարապմունքների ուղարկելը կամ էլ դասերից ազատելու մասին նրան տեղեկանք տալը։ Մենք ունենք որակյալ սարքավորումներ, լավ լաբորատորիա։ Մենք ոչ մի կերպ չենք խոչընդոտում թաղամասային պոլիկլինիկաների աշխատանքին։ Ասենք, եթե մեզ գանգատներով դիմում էր որեւէ ուսանող, որը հաշվառված է պոլիկլինիկայում՝ ըստ իր բնակության վայրի, մենք նրան հետազոտում էինք, նշանակում բուժում, բայց պաշտոնական տեղեկանք ստանալու համար նրան ուղարկում էինք իրենց պոլիկլինիկաներ։ Մենք տեղեկանքներ էինք տալիս միայն այն ուսանողներին, որոնք այլ քաղաքներից կամ երկրներից էին»,- մեկնաբանել է իրավիճակը պոլիկլինիկայի աշխատակցուհիներից մեկը։

Այս պահին պոլիկլինիկայի բժիշկներից մի քանիսն աշխատում են բուհերի շենքերում, բուժկետերում, բայց նրանց վերջնական աշխատանքի դասավորելու հարցը ռեկտորներն են որոշելու։

Պատասխանելով NEWS.am Medicine-ի հարցմանը՝ ԱՆ նախարարությունը հայտնել է, որ նախարարությունը հետեւողական է լինելու Հատուկ պոլիկլինիկայի աշխատակիցներին աշխատանքով ապահովելու հարցում եւ ԱՆ առաջարկած բոլոր աշխատատեղերն իրական են։

«Նախարարությունը հետեւողական է լինելու Հատուկ պոլիկլինիկայի բժիշկներին աշխատանքով ապահովելու ուղղությամբ: Հատուկ պոլիկլինիկայի սպորտային բժշկության մասնագետները աշխատանքի կանցնեն նորաբաց «ՈՒԻԳՄՈՐ ՔԼԻՆԻՔ» կենտրոնում: Այն բժիշկները, որոնց մասնագիտությանը համապատասխան աշխատատեղեր կան Երեւանում կամ երեւանամերձ մարզերում, կհրամանագրվեն, եթե կցանկանան աշխատել այդ կազմակերպություններում։ Իսկ պահանջարկ չունեցող մասնագիտությունների տեր բժիշկներին կառաջարկվի անվճար վերամասնագիտացում ՀՀ ԱՆ ԱԱԻ բազայի վրա, որի արդյունքում ձեռք կբերեն առավել պահանջված մասնագիտություն եւ կտեղավորվեն աշխատանքի: ՀՀ ԱՆ կողմից առաջարկվող բոլոր աշխատատեղերն իրական են»,- նշված է ԱՆ պատասխանում:

Նյութի աղբյուրը՝  NEWS.am