Այսօր՝ դեկտեմբերի 15-ին բացվում է Մեղրիի ազատ տնտեսական գոտին։
NEWS.am-ի թղթակիցը Մեղրիից հայտնում է, թե գոտու բացման համար Մեղրի է ժամանել Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը։
Դեկտեմբերի 7-ին ՀՀ կառավարությունը հավանություն էր տվել Սյունիքի մարզի Մեղրի համայնքում ազատ տնտեսական գոտի ստեղծելու ծրագրին։ Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանը նշել էր, որ ազատ տնտեսական գոտու նպատակն է օտարերկրյա ուղղակի ներդրումների ներգրավումը, երկրի ներդրումային գրավչության բարձրացումը, արտահանման ուղղվածություն ունեցող գործունեության խթանումը, արտահանման ծավալների ավելացումը, նոր աշխատատեղերի ստեղծումն ու կայուն տնտեսական զարգացման խթանումը:
Ըստ Կարայանի, ազատ տնտեսական գոտին կզարգանա երկու փուլով՝ ավարտական փուլում ունենալով 70 հեկտար տարածք: Առաջիկա տարիներին նախատեսվում է ներգրավել 50-70 շահագործող կազմակերպություններ, որոնք կիրականացնեն 130-150 մլն դոլարի ներդրումներ, կստեղծվի շուրջ 1500 նոր աշխատատեղ: Արտահանման ծավալները կկազմեն 350 մլն դոլար։
ԱՏԳ-ի գործունեության ժամկետը 50 տարի է:
Ծրագրի իրականացման նպատակով ՀՀ կառավարության կողմից հիմնադրվել է «ՄԵՂՐԻ ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏԻ» ՓԲԸ-ն: Ընկերության 100 տոկոս բաժնետոմսերի փաթեթը տնօրինվում է «Համահայկական ֆոնդ» փակ ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի կողմից: