«Ժողովուրդ» թերթը գրում է հունիսի 7-ին ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանի` մի շարք լրատվամիջոցների հետ Տավուշի մարզի Նոյեմբերյանի զորամաս այցելելու մասին` նշելով, որ այս զորամասը պատահական չի եղել ընտրված: Թերթը հիշեցնում է, որ նշված զորամասի մի շարք պաշտոնատար անձինք, կապված մայիսի 15-ին այդ զորամասում ժամկետային զինծառայող Լյուքս Ստեփանյանի սպանության հետ, ազատվել էին պաշտոնից, սակայն զորամասի հրամանատարը մինչ օրս պաշտոնանկ չի արվել:
Այս և մի շարք այլ խնդիրների շուրջ թղթակիցը զրուցել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ:
Թղթակցի հարցին, թե որն է զորամասի հրամանատարին պաշտոնանկ չանելու պատճառը, նախարար Օհանյանը պատասխանել է. «Նոյեմբերյանի զորամասի հրամանատարն ամենաբանիմաց հրամանատարներից մեկն է: Կրկնում եմ, որ դեպքի հետ կապված` հրամանատարի տեղակալներն ու ստորաբաժանումների հրամանատարների տեղակալներն ազատվել են աշխատանքից, իսկ մնացածը, ովքեր քրեական գործով կապ կունենան կամ կանցնեն արդեն քրեական գործի շրջանակներում, քննչական ծառայությունը, դատախազությունը նրանց հետևից կգնան»:
Իսկ թղթակցի այն հարցին, թե ինչ եղավ գոմեշի մսի գործը, Ս.Օհանյանը պատասխանել է. «Այն, որ գոմեշի միս մեր կենցաղի մեջ և բանակում կա, նորություն չէ: Պահածոների արտադրության մեջ այն օգտագործում են, սակայն այլ բան է, երբ համապատասխան խոշոր եղջերավորի մսի փոխարեն, առանց թույլտվության, փորձել են գոմեշի միս օգտագործել:
Մեր պրակտիկայում լինում են տնտեսումներ, որոնք կատարվում են օրենքի սահմաններում»: