Ինձ համար բացարձակ կարեւոր չէ՝ ես լավագույն տասնյակի առաջին տեղում եմ, թե 10-րդ: Թող տպավորություն չստեղծվի, որ արժանիների ասելով՝ նկատի եմ ունեցել Հենրիխ Մխիթարյանին: Բազմիցս նշել եմ ու կրկնում եմ, որ Հենրիխ Մխիթարյանը միանշանակ արժանի է լինել 10 լավագույնների մեջ: Իմ կազմած տասնյակում նա վստահ կլիներ: Բայց նրա կողքին կլինեին նաեւ Գոռ Մինասյանը, Գեորգի Կետոեւն ու Լեւան Բերիանիձեն:
Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասել է օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը, ով «Տարվա 10 լավագույն մարզիկների» ընտրության արդյունքների հետ չէր համաձայնվել: Օլիմպիական չեմպիոնի դժգոհությունը բուռն քննարկումների առիթ դարձավ:
«Ես դժգոհել եմ այս տասնյակից զուտ այն պատճառով, որ կային արժանի մարզիկներ, ովքեր պետք է լինեին այս տասնյակում: Բնավ, խոսքս չի վերաբերում Հենրիխ Մխիթարյանին: Իմ կազմած տասնյակը լիովին այլ պատկեր կունենար: Ինձ միայն մտահոգել է այն փաստը, որ կային ավելի արժանի մարզիկներ, ովքեր դուրս են մնացել տասնյակից: Կրկնում եմ, որ խոսքս Մխիթարյանին չի վերաբերվում: Նա պետք է լինի այս տասնյակում: Հանրությունը սխալ հասկացավ իմ դժգոհությունը. ես մնում եմ իմ նույն տեսանկյունին, որ մենք ունեինք աշխարհի մեդալակիրներ, ովքեր արժանի էին այս տասնյակում հայտնվել, ծանրամարտում ավելի բարձր հարգի մեդալներ նվաճած Գոռ Մինասյան:
Ինձ չի հետաքրքրում՝ ես լավագույն տասնյակում առաջինն եմ, թե 10-րդը: Կարեւորն այն է, որ տարվա ընթացքում իր արած աշխատանքը գնահատվել է, եւ ես լավագույն 10 մարզիկների ցանկում եմ, ինչն ինձ համար մեծ պատիվ է: Բայց ավելի պատվաբեր կլիներ, որ մյուս արժանի մարզիկներն էլ չանտեսվեին, քանի որ ամբողջ տարվա ընթացքում մեծ ծավալով աշխատանք են կատարել:
Այս քննարկումները տհաճ են եւ կուզեի, որ վերջ դրվեր սխալ ու անհիմն մեկնաբանություններին»,- ասաց Արթուր Ալեքսանյանը:
Նյութի աղբյուրը` NEWS.am SPORT