Whoscored.com-ը ներկայացրել է «Մանչեսթեր Յունայթեդի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի վիճակագրությունը Անգլիայի գավաթի խաղարկության 1/32 եզրափակիչի խաղում: Պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմի մրցակիցն էր Չեմպիոնշիփի ներկայացուցիչ «Դերբի Քաունթին»:

Մխիթարյանը դարպասին հարված չի կատարել: Նրա 51 փոխանցումից թիմակիցներին հասել է 84.3 տոկոսը: 28-ամյա ֆուտբոլիստը կատարել է 2 առանցքային փոխանցում, 1 անգամ հաղթող է դուրս եկել օդային պայքարում, 1 անգամ էլ հաջողությամբ շրջանցել է մրցակցին:

Մխիթարյանը կանոնները չի խախտել, նրա դեմ եղել է մեկ խախտում:

Հայ ֆուտբոլիստը ստացել է 6.52 գնահատականը, իսկ մանչեսթերյան թիմում ամենաբարձրը գնահատվել է անգլիացի կիսապաշտպան Ջեսի Լինգարդի խաղը՝ 8.25:

Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդը» հաղթել է 2:0 հաշվով եւ դուրս է եկել 1/16 եզրափակիչ: Մխիթարյանը եղել է մեկնարկային կազմում եւ փոխարինվել է ընդմիջմանը: