Աջակողմյան ղեկով մեքենաների ներմուծումն արգելող նախագծի դեմ պայքարող «Աջ ղեկ» նախաձեռնությունը պահանջում է Հայաստանի տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանի հրաժարականը: Այսօր՝ հունվարի 7-ին Երեւանում «Աջ ղեկ» նախաձեռնության անդամներն անդրադարձան նախարարի հայտարարությանը, որով վերջինն աջ ղեկով մեքենաների վարորդներին կամիկաձե էր անվանել: Նրանք նշեցին, որ Հայաստանում կա 35 հազար աջակողմյան ղեկով մեքենայի վարորդ, եւ նախարարի պաշտոնում գտնվող անձը նրանց որակավորելու իրավունք չունի:
«Եթե կա անվտանգության խնդիր, ուրեմն էդ անվտանգության խնդրի հիմնավորումները թող բերեն, բացատրեն, որ այսքան մեքենա աջ ղեկով վթարի է ենթարկվել, կա էսքան մահ: Ոչ թե ուղղակի տենց ասել ու արգելել: Վահան Կամիկաձեյան, 35 հազար մարդու կամիկաձե չի կարելի անվանել, էդ մոտեցմամբ, էդ գաղափարով մարդը տենց բարձր պաշտոնում ընդհանրապես պիտի չմնա: Ի՞նչ է նշանակում՝ 35 հազար մարդ կամիկաձե է: 12 հազար մարդ մենակ էս տարի որոշել ա, որ աջ ղեկով մեքենա ա ներկրելու»,- նշեց նախաձեռնության անդամներից Գեւորգ Աճեմյանը:
Նշենք, որ շուրջ 200 աջակողմյան ղեկով մեքենաների վարորդներ Երեւանում այսօր իրազեկման ավտոթերթ անցկացրին. նրանք կոչ արեցին քաղաքացիներին միանալ իրենց պայքարին:
Ավտոերթի մասնակիցները վաղը պատրաստվում են հավաքվել կառավարության շենքի դիմաց եւ հանդիպում պահանջել վարչապետ Կարեն Կարապետյանի հետ:
Նշենք, որ ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը ներկայացրել է մի նախագիծ, որով առաջարկում է փոփոխություն կատարել «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում: Սա հիմնավորվում է աջակողմյան ղեկով մեքենաների շահագործման՝ տեխնիկապես վտանգավոր լինելով: Ըստ այդմ՝ առաջարկվում է 2018 թվականի ապրիլի 1-ից արգելել աջ ղեկով մեքենաների ներմուծումը: