Այս տարվա փետրվարի վերջին տասը օրում առաջադրվելու են ՀՀ նախագահի թեկնածուները, իսկ ընտրությունը տեղի է ունենալու մարտի 1-10-ն ընկած ժամանակահատվածում՝ ՀՀ նախագահի լիազորությունների ավարտից ոչ շուտ, քան քառասուն, եւ ոչ ուշ, քան երեսուն օր առաջ:

2015 թվականին ընդունված Սահմանադրության համաձայն, առաջին անգամ երկրի նախագահն ընտրվելու է Ազգային ժողովի կողմից: Ըստ այդմ, Սահմանադրության 125-րդ հոդվածի համաձայն, ՀՀ նախագահի թեկնածու կարող է առաջադրել պատգամավորների 1/4-ը, իսկ ընտրվելու համար անհրաժեշտ է, որ թեկնածուներից մեկն ստանա ձայների 3/4-ը (79 ձայն): Եթե նախագահի թեկնածուներից որեւէ մեկը չի ստանում նշված քանակի ձայներ, ապա երկրորդ փուլում նույն թեկնածուներից հանրապետության նախագահն ընտրվում է ձայների 3/5-ով (64 ձայն): Եթե երկրորդ փուլում էլ հաջողություն չի արձանագրվում, ապա երրորդ փուլում քվեարկվելու են միայն առավելագույն ձայներ ստացած 2 թեկնածուները եւ նախագահ ընտրվելու է նա, ով կստանա ավելի շատ ձայն:

Եթե Հանրապետության նախագահ չի ընտրվում, ապա տասնօրյա ժամկետում անցկացվում է Հանրապետության նախագահի նոր ընտրություն:

Հանրապետության նախագահի հերթական ընտրությունն անցկացվում է Հանրապետության նախագահի լիազորությունների ավարտից ոչ շուտ, քան քառասուն, եւ ոչ ուշ, քան երեսուն օր առաջ (մարտի առաջին տասնօրյակում):

Ըստ էության, ՀՀ նոր նախագահն իր լիազորությունները ստանձնելու է ապրիլի 9-ին։ Հենց այդ ժամանակ էլ կդադարեն գործող նախագահի լիազորությունները եւ կառավարությունը հրաժարական կտա։ Հանրապետության նախագահն անհապաղ ընդունում է Կառավարության հրաժարականը:

Ինչ վերաբերում է վարչապետի ընտրությանը, որն արդեն լինելու է երկրի թիվ մեկ պաշտոնյան, ապա այս դեպքում ԱԺ-ում թեկնածուներ առաջադրելու իրավունք ունի ոչ թե պատգամավորների 1/4-ը, այլ ԱԺ խմբակցությունները: Խմբակցությունները վարչապետի թեկնածուին ներկայացնելու համար մեկ շաբաթ ժամանակ ունեն՝ ապրիլի 9-16-ը:

Սահմանադրության համաձայն, վարչապետ է ընտրվում այն թեկնածուն, ով կստանա պատգամավորների ընդհանուր թվի (105) ձայների կեսից ավելին: Վարչապետ չընտրվելու դեպքում քվեարկությունից յոթ օր հետո անցկացվում է վարչապետի նոր ընտրություն, որին մասնակցելու իրավունք ունեն պատգամավորների ընդհանուր թվի առնվազն 1/3-ի առաջադրած վարչապետի թեկնածուները: Եթե պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ վարչապետ չի ընտրվում, ապա Ազգային ժողովն արձակվում է իրավունքի ուժով: Խորհրդարանի ընտրած թեկնածուին վարչապետ է նշանակելու հանրապետության նախագահը։

Վարչապետի ընտրությունից հետո 15 օրվա ընթացքում պետք է ձեւավորվի կառավարություն: Ըստ էության, նոր կառավարության ձեւավորման հնարավոր ժամկետը մայիսի 1-10-ն է: