«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Հանրապետական կուսակցության շրջանակներում քննարկվում է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի պաշտոնանկության հարցը: Մեր աղբյուրները հայտնում են, որ Սերժ Սարգսյանը նեղ շրջանակում դժգոհություն է հայտնել Վիգեն Սարգսյանից և նեղսրտել, թե Վիգենը չկարողացավ արդարացնել իրեն պաշտպանության նախարարի պոստում:

Իրազեկ աղբյուրներից «Հայկական ժամանակ»-ին հայտնի դարձավ, որ իշխանության վերին օղակներում քննարկվում է ապրիլի 9-ից հետո ՀՀ պաշտպանության գործող նախարար Վիգեն Սարգսյանին արտաքին գործերի նախարարություն տեղափոխելու հարցը: Ըստ նույն աղբյուրների, Վիգեն Սարգսյանը նոր կառավարությունում կարող է դառնալ արտգործնախարար, իսկ պաշտպանության նախարարի պոստում քննարկվում է Արտակ Զաքարյանին նշանակելու հարցը:

Հիշեցնենք, Արտակ Զաքարյանն այժմ ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալն է: Վերջինս ՊՆ տեղափոխվեց Ազգային ժողովից: Նախորդ գումարման խորհրդարանում նա զբաղեցնում էր ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի պաշտոնը:

«Հայկական ժամանակի»-ի աղբյուրները հայտնում են նաև, որ փոփոխությունների այս համատեքստում հնարավոր է, որ Վիգեն Սարգսյանին ԱԳՆ տեղափոխելուց հետո ԱԳ գործող նախարար Էդվարդ Նալբանդյանը իշխող ՀՀԿ-ի կողմից առաջադրվի հանրապետության նախագահի պոստում:

Հիշեցնենք, ապրիլի 9-ից հետո ՀՀ նախագահը, որն ընտրվելու է Ազգային ժողովի կողմից, ունենալու է խիստ սահմանափակ լիազորություններ. երկրի իրական ղեկավարը լինելու է վարչապետը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: