Ո՞ր օրերի երազներն են համարվում մարգարեական և ո՞ր օրերին մեզ հայտնված երազներին հարկավոր չէ որևէ ուշադրություն դարձնել: Ինչո՞ւ են որոշ երազներ ուղղորդում մեր կյանքը, իսկ որոշներն էլ երբեք իրականություն չեն դառնում: Պարզվում է, երազների իրականացման հարցում մեծ նշանակություն ունի, թե շաբաթվա որ օրվա գիշերն է այն մեզ այցելել: Փորձենք բացահայտել, թե հատկապես ո՞ր օրերին հայտնված երազներին է հարկավոր ուշադրություն դարձնել:
Կիրակի լույս երկուշաբթի գիշերը տեսած երազներում հաճախ արտացոլվում է մեր հոգեբանական վիճակի բավականին մակերեսային պատկերը և մեզ հուզող խնդիրների ազդեցության տակ բավականին խառը, քաոսային երազներ են մեզ այցելում: Որքան շատ են անհանգստացնող խնդիրները, այնքան բարդ ու խառը կլինեն երազները: Այդ գիշեր տեսած երազները, սակայն, ճակատագրական չեն, այնպես որ, որքան էլ սարսափելի կամ անհանգստացնող լինի երազը, ձգտեք մոռանալ այն, քանի որ հենց այդ օրվա երազները համարվում են անիմաստ և անհետևանք:
Երկուշաբթի լույս երեքշաբթի գիշերը հաճախ վառ, տպավորվող բովանդակությամբ երազներ են մեզ այցելում, որոնք արտացոլում են մեր ստեղծագործական էությունը: Եթե երազը բացասական է, ապա խորհուրդ չի տրվում այդ շաբաթվա ընթացքում նոր գործնական ծրագրեր ու նախագծեր իրականացնել, կարևոր պայմանագրեր ստորագրել: Իսկ եթե այն դրական հույզեր է առաջացնում, ապա համարձակորեն կարելի է վճռական քայլերի գնալ: Հատկապես հարկավոր է ուշադրութուն դարձնել այն երազներին, որոնցում դուք շահում եք: Երեքշաբթի օրվա երազները ոչ միայն խորհրդանշական են, այլև մարգարեական և կարող են իրականանալ առաջիկա 10 օրերի ընթացքում: Իսկ եթե այդ ընթացքում այդպես էլ երազը իրականություն չի դառնում, ապա հակավոր է մոռանալ դրա մասին:
Երեքշաբթի լույս չորեքշաբթի գիշերը մեզ հայտնված երազները նույնպես կարևոր նշանակութուն ունեն: Ի տարբերություն երեքշաբթի օրվա երազների՝ դրանք հաճախ հակասական են լինում, այսինքն իրականանում են հակառակ նշանակությամբ: Քիչ հավանական է , որ այդ օրը տեսած երազը երբևէ ամբողջությամբ կիրականանա: Թերևս միայն դրա որոշ հատվածներ կարող են ազդեցություն ունենալ ձեր կյանքում: Այդ օրը տեսած վառ, լավատեսական երազները նշանակում են, որ կյանքում նոր շրջափուլ է սկսվելու՝ լի բազմազան իրադարձություններով:
Չորեքշաբթի լույս հինգշաբթի գիշերը մեզ հայտնված երազները շատ կարևոր են, աշխատեք չմոռանալ դրանք, քանի որ այդ օրվա երազները վերաբերում են մեր մասնագիտական առաջխաղացմանը, աշխատանքին: Հաճախ վաղ առավոտյան, արթնանալուց մի քանի րոպե առաջ կարելի է շատ կարևոր խնդրի, վեճի կամ բախման լուծում հուշող երազ տեսնել: Դրանք անգամ կարող են հուշել ձեզ, թե ինչպես կարելի է հաղթահարել ֆինանսական դժվարությունները առաջիկա ժամանակահատվածում:
Հինգշաբթի լույս ուրբաթ գիշերը տեսած երազներն իսկապես մարգարեական են, հատկապես եթե դրանք վերաբերում են սիրային հարցերին: Կարծիք կա, որ հատկապես այդ օրը մարդու վեցերորդ զգայարանն առավելագույնս սրվում է, և բոլոր այն երազները, որոնք ձեզ հաջողվում է հիշել, մարգարեական են համարվում: Դրական հույզերն ու զգացողութունները հուշում են, որ առջևում ձեզ հաղթանակներ և ձեռքբերումներ են սպասում: Իսկ վախի, կորուստի հետ կապված երազները զգուշացնում են հնարավոր տհաճությունների մասին:
Ուրբաթ լույս շաբաթ գիշերվա երազները կյանքում մեծ փոփոխություններ չեն խոստանում, սակայն կարող են հաճելի պահեր պարգևել ձեզ՝ որոշակի դրական իրադարձություններով: Այդ օրը տեսած անգամ մռայլ և սարսափելի երազները հաջողություն կբերեն՝ գուցե որոշակի դժվարությունների հաղթահարման գնով:
Եվ վերջապես՝ շաբաթ լույս կիրակի գիշերվա երազները նույնպես մարգարեական են համարվում: Այդ գիշեր տեսած երազները կարող են հենց նույն օրն էլ իրականանալ՝ նույն բովանդակությամբ: Բայց այդ օրը տեսած երազներն այսպիսի առանձնահատկութուն ունեն. միայն դրական հույզեր առաջացնող, բարի երազներն են իրականություն դառնում, իսկ բացասականները որևէ հետք չեն թողնում մեր կյանքում: