«Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսը պատմել է, թե ինչպես է արձագանքել կատալոնացիների` իր հետ պայմանագիր կնքելու որոշմանը, չնայած նրան, որ ուրուգվայցին կծել էր Իտալիայի հավաքականի պաշտպան Ջորջիո Կյելինի ուսը:

Սա, հիշեցնենք, տեղի էր ունեցել 2014 թվականի աշխարհի առաջնության ժամանակ: Արդյունքում, ֆուտբոլիստը որակազրկվեց, բայց «Բարսելոնայի» որոշման վրա սա ոչ մի կերպ չանդրադարձավ.

«Ինձ թվում էր, որ իմ` «Բարսելոնա» տեղափոխվելու երազանքն անիրականանալի է, որ ամեն ինչ խափանվեց: Որակազրկումից մի քանի օր առաջ մենք խոսեցինք: «Բարսելոնայում» ասացին, որ ես հանգստություն պահպանեմ:

Ամեն դեպքում, ինձ հետ հույսեր էին կապում: Այդ ժամանակ ես լաց եղա, քանի որ նրանք ցանկանում էին ինձ տեսնել իրենց թիմում: Ինձ համար դժվար էր դրան հավատալը: Միշտ երախտապարտ կլինեմ «Բարսելոնային»,- Սուարեսի խոսքերն է փոխանցում «Marca»-ն:

Հիշեցնենք` ԱԱ-2014-ում տեղի ունեցած այդ միջադեպի արդյունքում Սուարեսը որակազրկվել էր ազգային հավաքականի 9 խաղով: Բացի դա, նա 4 ամսով հեռացվել էր ցանկացած ֆուտբոլային գործունեությունից: Ավելի ուշ, Սպորտային արբիտրաժային դատարանը (CAS) թույլատրեց նրան մարզվել և մասնակցել ընկերական խաղերին: