«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկությունների համաձայն, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի որդին, ինչպես նաև քաղաքապետի աներորդու՝ Ազգային ժողովի պատգամավոր Ռոբերտ Սարգսյանի տղան, որոնք զորակոչային տարիքի են, առողջական խնդիրների պատճառաբանությամբ, ընդ որում՝ երկուսն էլ նույն ախտորոշմամբ, ազատվել կամ ազատվելու են պարտադիր զինվորական ծառայությունից:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանը, անդրադառնալով Տարոն Մարգարյանի որդու վերաբերյալ մեր հարցմանը, պատասխանեց.

«Ձեր տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը, որովհետև Երևանի քաղաքապետի որդին առողջ է, և այսօր սովորում է պետական բարձրագույն ուսումնական հաստատություններից մեկում»: Նա հավելեց, որ Տարոն Մարգարյանի տղան Հայաստանի պետական տնտեսագիտական համասարանի ուսանող է, սովորում է պետպատվերով ուսուցման համակարգում: Այսինքն՝ օգտվում է պարտադիր զինվորական ծառայությունից տրամադրված տարկետման իրավունքից և այժմ բանակում չէ այդ պատճառով:

Երևանի քաղաքապետի որդին, ինչպես տեղեկացանք Տնտեսագիտական համալսարանի ռեկտորատից, սովորում է ֆինանսական ֆակուլտետում: Նա առաջին կուրսի ուսանող է: Հատկացված տեղերի ընդհանուր քանակը եղել է 200-ը, որոնցից 12-ը՝ պետպատվերով (անվճար): Դրանցից մեկը, փաստորեն, բաժին է ընկել քաղաքապետի որդուն:

Անդրադառնալով Տարոն Մարգարյանի երկրորդ որդու վերաբերյալ մեր հարցմանը, քաղաքապետարանի տեղեկատվության վարչության պետն ասաց. «Նա դեռևս զորակոչային տարիքի չէ, ու դադարեցրեք ստահոդ տեղեկատվություններ տարածելը»: Ճշտող հարցին, թե այսինքն՝ իրականությանը չի՞ համապատասխանում այն, որ նա առողջական խնդիրների պատճառաբանանությամբ չի մեկնելու ժամկետային զինծառայության, Արթուր Գևորգյանն արձագանքեց. «Չի համապատասխանում իրականությանը: Դուք հիմա խոսում եք ոչ զորակոչային տարիքի մարդու, ըստ էության՝ անչափահասի մասին»:

Քաղաքապետի երկրորդ որդին զորակոչային տարիքի կդառնա հաջորդ տարի: «Հաջորդ տարի կզանգեք, կպատասխանենք նաև տվյալ հարցին»,- արձագանքեց Արթուր Գևորգյանը:

Ինչ վերաբերում է Ազգային ժողովի պատգամավոր Ռոբերտ Սարգսյանին, մեզ չհաջողվեց նրանից մեկնաբանություն ստանալ՝ որդուն առողջական խնդիրների պատճառաբանությամբ պարտադիր զինծառայությունից ազատելու մտադրության ու նախապատրաստության մասին: Նրա օգնականը փոխանցեց, որ անձնական բնույթի հարցերին չի պատասխանում: Առաջարկեց դիմել անձամբ պատգամավորին, ասաց, որ հիմա նրան հարմար է խոսել, և կարող ենք զանգահաարել: Բայց ԱԺ պատգամավորը մեր զանգերին այդպես էլ չպատասխանեց:

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարանի աներորդին նույնպես բազմազավակ հայր է: Չորս որդիներից ավագը սովորում է ավագ դպրոցում և շուտով կավարտի այն»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: