Թուրքիայում Հրանտ Դինքի սպանության 11–րդ տարում ներքաղաքական իրավիճակի փոփոխություններն ու ներիշխանական հակասությունները հին հարցերի նոր պատասխաններ են առաջարկում։
Թուրքիայի հանրապետության ամենահայտնի հայերից հանդիսացող Հրանտ Դինքը 2006 թվականի հունվարի 19–ին սպանվեց իր գլխավորած «Ակոս» պարբերականի խմբագրության առջեւ։ Սպանությունը Թուրքիայում մեծ արձագանք գտավ եւ արագ կազմակերպվեց սպանությունն իրականացնողի «ձերբակալությունը»։
Սպանությունից անցել է 11 տարի։ Գործով կա արդեն կայացված եւ հետագայում բեկանված դատավճիռ։ Իսկ Թուրքիայում իշխանության ներսում բախումների հետեւանքով 2–րդ դատավարությանը մեղադրյալների աթոռին հայտնվեցին նախկին մեղադրողները։
Սկզբում ամեն ինչ արվեց այնպես, ինչպես որ Թուրքիայում արվել է խորքային կառույցների կազմակերպած աղմկալի սպանությունների դեպքում։ Գտան մարդասպանին եւ նրան դրդողին եւ դատապարտեցին, ավելին պնդեցին, որ սպանությունը անհատական նախաձեռնությամբ է եղել։ Իհարկե, այս զավեշտալի վճիռները ոչ մեկին չբավարարեցին, նույնիսկ վճիռը կայացրած դատավորն էլ խոստովանել էր, ոի գոհ չէ իր կայացրած դատավճիռ։ Իսկ դատավորը ինչո՞ւ գոհ չէր...։ Այստեղ արդեն սկսվում է այլ պատմություն։
Դինքի սպանության գործով դատավարության մեջ ամեն ինչ գլխիվայր փոխվեց, երբ Թուրքիայում Ֆեթուլլահ Գյուլենի թեւը 2014–ին իրականացրեց «Մեծ կաշառք» գործողությունն ուղղված Էրդողանի եւ նրա կողմնակիցների դեմ։ Էրդողանին հաջողվեց չեզոքացնել դատական համակարգում Ֆեթուլլահ Գյուլենի շարժման անդամներին եւ ավելին, նրանց դեմ համընդհանուր «որս» սկսվեց նախկինում «սարքված» մի շարք աղմկահարույց գործերի համար։
Դինքի սպանության գործով դատավարությունը ավելի հետաքրքիր դարձավ արդեն 2016–ի ռազմական հեղաշրջման փորձից հետո, երբ արդեն կալանավորվեցին գյուլենական լինելու մեջ մեղադրվող նախկին բարձրաստիճան զինվորականներ ու ոստիկաններ, ովքեր անմիջական կապ են ունեցել Դինքի սպանությանը։
Թուրքիայում փոխվեց իրավիճակ։ Իշխանության ներսում երկար ժամանակ հաստատված մի մասը, որոնց արդեն անվանում են գյուլենականներ կամ թուրքերենով ֆեթոյականներ, արդեն դարձան իշխանության թշնամին եւ թշնամուն պետք է պատժել։
Դինքի դատավարությունը արդեն հետաքրքիր սցենարով էր գնում հենց իշխանությունների համար։ Էրդողանի թիվ մեկ թշնամի գյուլենականները Դինքի սպանության գործով անցնող գլխավոր մեղադրյալներն են, ավելին Դինքի սպանության գործով հերթական մեղադրական եզրակացության մեջ թիվ մեկ մեղադրյալը հենց Ֆեթուլլահ Գյուլենն է։
Դինքի սպանության գործով դատավարությունները դարձան սկանդալային բացահայտումներով։ Ձերբակալված մեղադրյալները սկսեցին խոստովանել, որ Դինքը սպանվել է պետության գիտությամբ, սակայն ամեն մեղադրյալ փորձում է պնդել, որ դրանում ինքը մեղավոր չէ, այլ մեղավոր են մյուսները։
Դատական նիստերի գլխավոր հերոսներն են դարձել լսումների ժամանակ Տրապիզոնի ժանդարմերիայի նախկին հրամանատարներն ու հետախուզության աշխատակիցները, Ստամբուլի ոստիկանության հետախուզության նախկին աշխատակիցներն ու ոստիկանության հետախուզության նախկին պետն ու նախկին բարձրաստիճան աշխատակիցներ։
Եւ քանի որ դեպքերի բերումով իշխանություններին ձեռնատու է գյուլենականներին որեւէ կերպ պատժելը եւ փաստացի ապացույցներով հենց գյուլենական լինելու մեջ մեղադրվող նախկին բարձրաստիճան պաշտոնյաները կապ են ունեցել Դինքի սպանության կազմակերպմանը, ապա բացահայտման գործընթացը ավելի է հետաքրիր է դառնում։
Թեեւ դատարանում գլխավոր մեղադրյալները շեշտում էին, թե բոլորը տեղյակ են եղել Դինքի դեմ կազմակերպվող մահափորձի մասին, սակայն քայլեր չի ձեռնարկվել, բայց մի հարց բաց է մնում։ Ո՞վ է կազմակերպել այն եւ ինչո՞ւ։
Ինչպես Թուրքիայում նմանատիպ սպանությունները, այնպես էլ այս մեկը երեւի դատապարտված է մինչեւ վերջ չբացահայտված լինելու բախտին, սակայն կան փաստեր, որոնք բավականին հետաքրքիր են ու ուշադրության արժանի։
Թուրքական մամուլով սպրդեց Թուրքիայի գլխավոր դատախազության պատրաստած ոչ հրապարակային զեկույցը Դինքի սպանության կազմակերպման հետ կապված, ըստ որի Հրանտ Դինքի սպանությունը նախագծվել ու իրականացվել է Ներքին գործերի նախարարության հետախուզության վարչության կազմում մինչեւ 2012 թվականը գաղտնի գործած C-5 բյուրոյի կողմից։
Այստեղ կարծես թե պարզ դարձավ, թե որ կառույցն է կազմակերպել, սակայն պարզ չէ, թե ո՞վ է նրանց հրահանգել կազմակերպել։ Իսկ ինչո՞ւ սպանել Հրանտ Դինքին:
Այստեղ արդեն հետաքրքիր բացատրություններ են ի հայտ գալիս։ Թուրքիայում մեծ աղմուկ հանած եւ զինվորականների ու հայտնի գործիչների ձերբակալություններով հայտնի «Էրգենեկոն» ու «Մեծ մուրճ» գործողությունները սկսկելու համար զոհ էր պետք։ Թե «Էրգենեկոնի» թե «Մեծ մուրճ» գործողությունը ըստ գաղտնի զեկույցի, նախագծվել ու իրականացվել են կրկին հենց C-5–ի կողմից։
C-5–ը ըստ պնդումների կառավարել են գյուլենականները, իսկ «Էրգենեկոն» ու «Մեծ մուրճ» –ը գյուլենականները կազմակերպել են իրենց համար անցակալի տարրերին բանակից ու քաղաքական ասպարեզից հեռացնելու համար։ Սակայն «Էրգենեկոն»–ը սկսելու համար պետք էր ստուգել ոստիկանության եւ դատական համակարգի զգոնությունը եւ փորձնական այլ գործողություն, որը հիմք կդառնար արդեն մյուս գործողությունների համար։
Հրանտ Դինքի սպանությունն էլ դարձավ C-5 բյուրոյի փորձնական գործողությունը «Էրգենեկոնի», ու մյուս գործողություններից առաջ։
Իսկ C-5–ը ղեկավարել է գյուլենական լինելու մեջ մեղադրվող եւ ներկայում Դինքի սպանության գործով կալանքի տակ գտնվող մեղադրյալ, ոստիկանության հետախուզության նախկին վարչության պետ Ալի Ֆուաթ Յըլմազերը։
Սակայն գլխավոր դատախազության այս ոչ հրապարակային զեկույցն էլ միանշանակ չի կարելի ընդունել, չէ որ հայտնի է, որ միշտ հաղթողներն են դատում պարտվածներին, իսկ Դինքի գործով դատավարության մեջ գյուլենականները ներկայում պարտված կողմ են։
Նյութի աղբյուրը՝ NEWS.am