Հունվարի 22-26-ը բանակի բոլոր գումարտակների և դիվիզիոնների հրամանատարների և նրանց տեղակալների հետ անց են կացվել հրամանատարական հավաքներ, որոնք նպատակ ունեին բարձրացնել մասնակիցների հրամանատարական ունակություններն ու մասնագիտական գիտելիքները, կատարելագործել մեթոդական պատրաստության աստիճանը, դաշտային վարժվածության մակարդակը: Հավաքների շրջանակում, որոնք անց են կացվել ՊԲ-ի կենտրոնական ենթակայության զորամասերի և միավորումների ուսումնանյութական բազայի հիմքի վրա, կազմակերպվել են ինչպես կենտրոնացված և ընդհանուր, այնպես էլ նեղ մասնագիտական պարապմունքներ:
Կարևորելով մարտավարական տվյալ օղակի դերն ու նշանակությունը զորքերի ամենօրյա կենսագործունեության կազմակերպման գործում, հավաքների մասնակիցներին հանդիպել և անհրաժեշտ մեթոդական ցուցումներ է տվել ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը: Ներգրավված սպայակազմի հետ համապատասխան պարապմունքներ են անցկացրել նաև ՊԲ-ի և միավորումների բարձրաստիճան հրամանատարության ներկայացուցիչները:
Բացի գիտելիքներն ու գործնական ունակությունները զարգացնելուց, հավաքները գումարտակ օղակի սպայակազմի համար լավ հնարավորություն էր նաև փորձի փոխանակում իրականացնելու առումով:
Հրամանատարական պատասխանատու պաշտոններ զբաղեցնող սպաները հավաքների ընթացքում տեսական պարապմունքներին զուգահեռ մասնակցել են նաև գործնական և ցուցադրական պարապմունքների, որոնք ավելի են ամրապնդել ուսուցանվողների մասնագիտական գիտելիքներն ու ունակությունները:
Հավաքների ավարտին մասնակիցները հանձնել են ստուգարքներ ու քննություններ, որոնց արդյունքները հաշվի առնելով, վերադաս հրամանատարությունը նախանշել է այն հիմնական ուղղությունները, որոնք գումարտակների հրամանատարության ներկայացուցիչները պետք է պահեն ուշադրության կենտրոնում՝ առաջիկա ուսումնաշրջանի ընթացքում: