Հայաստանի առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանի N 12-Ն հրամանով սահմանվում են Հայաստանի ուսումնական հաստատությունների համար սանիտարական պահանջները, որոնք բացի հիգիենիկ նորմերից, ներառում են նաեւ ուսումնական ժամերի սահմանափակումներ, հաստատում են դասամիջոցների տեւողությունը եւ տարբեր տարիքի երեխաների համար դպրոցական պայուսակների առավելագույն քաշը: Փաստաթղթի համաձայն՝ սա արվում է աշակերտների հոգնածության եւ կեցվածքի ու տեսողության խանգարումների կանխարգելման համար:
Փաստաթղթի համաձայն՝ ուսումնական հաստատության յուրաքանչյուր հարկում պետք է տղաների եւ աղջիկների համար նվազագույնը մեկական զուգարան լինի: Ջարդված զուգարանակոնքերը, լվացարանները եւ սանհանգույցի այլ գույքը պետք է անմիջապես նորոգվեն:
Հաստատության զուգարանների սենքերը եւ սարքավորումները պահվում են մաքուր վիճակում, ապահովվում են հեղուկ օճառով, ձեռքերի չորացման համար էլեկտրական սարքերով կամ թղթյա միանվագ օգտագործման սրբիչներով, զուգարանի թղթով: Ալթունյանի հրամանի համաձայն՝ ուսումնական հաստատությունները պետք է ապահովված լինեն տաք ջրով, ըստ որում՝ լվացարաններին միացվող տաք ջուրը պետք է լինի Ցելսիուսի 37 աստիճանից ոչ բարձր:
Հրամանի համաձայն, սանհանգույցներում, առկա ցնցուղարաններում, բժշկի կաբինետում և սննդի կառուցահատվածում պիտի իրականացվի ամենօրյա խոնավ մաքրում ախտահանիչ լուծույթների օգտագործմամբ, առնվազն օրը 2 անգամ։
Դասարանների և այլ ուսումնական ու օժանդակ տարածքների մաքրումը կատարվում է դասերից հետո՝ բաց պատուհաններով: Եթե հաստատությունը աշխատում է 2 հերթափոխով՝ մաքրումը կատարվում է երկու անգամ: Անհրաժեշտ է լվանալ հատակը, մաքրել փոշու կուտակման տեղերը՝ լուսամուտագոգեր, ջերմամատակարարման մարտկոցներ և այլն: Պատուհանները և շերտավարագույրներն անհրաժեշտ է լվանալ առնվազն տարին 2 անգամ՝ գարնանը և աշնանը:
Հրամանով պահանջվում է, որ ցնցուղարանների և զուգարանների սանիտարատեխնիկական սարքավորումները (զուգարանակոնք, լվացարան, բռնակներ), հատակը, պատերը, դռներն ամեն օր լվացվեն օճառով և տաք ջրով:
Ինչ վերաբերում է դասացուցակին, ապա հաստատության 1-9-րդ դասարաններում նույն առարկայից կրկնակի (անմիջապես իրար հաջորդող) դասերի անցկացում չի թույլատրվում, իսկ 10-12-րդ դասարաններում թույլատրվում է:
Սովորողների ուսումնական պարապմունքների ժամանակ հոգնածության, կեցվածքի, տեսողության խանգարումների կանխարգելման նպատակով դասերի ընթացքում կազմակերպում են ֆիզկուլտ դադարներ եւ աչքերի համալիր վարժություններ:
Դասացուցակը կազմվում է՝ հաշվի առնելով առարկաների բարդության աստիճանի սանդղակը, սովորողների օրվա եւ շաբաթվա մտավոր աշխատունակության առավելագույն թույլատրելի նորմերը, դասացուցակին ներկայացվող հիգիենիկ պահանջները: Առաջին դասարանում թույլատրվում է անցկացնել օրական ոչ ավելի, քան 4 դաս, շաբաթը 1 անգամ 5 դաս։ 2-4-րդ դասարաններում՝ օրական ոչ ավելի, քան 5 դաս, շաբաթը 1 անգամ 6 դաս, 5-6-րդ՝ օրական ոչ ավելի, քան 6 դաս, 7-12-րդ՝ օրական ոչ ավելի, քան 7 դաս։ Դասամիջոցների տեւողությունը կազմում է 10-ական րոպե, մեծ դասամիջոցի տեւողությունը կազմում է 20-30 րոպե, հնարավոր է կազմակերպել 2 դասամիջոց 20-ական րոպեով: Մեծ դասամիջոցը կազմակերպվում է 2-րդ եւ/կամ 3-րդ դասաժամերից հետո:
Սովորողների կողմից բերվող դասագրքերի եւ գրենական պիտույքների հավաքածուի քաշը չպետք է գերազանցի 1-ին, 2-րդ դասարանների սովորողների համար 1,5 կգ, 3-րդ, 4-րդ դասարանների սովորողների համար՝ 2 կգ, 5-6-րդ դասարանների սովորողների համար՝ 2,5 կգ, 7-8-րդ դասարանների սովորողների համար՝ 3,5 կգ, 9-12-րդ դասարանների սովորողների համար՝ 4 կգ:
Ուշագրավ է, որ այս փաստաթուղթը ուժի մեջ է մտել դեռեւս 2017 թվականի մայիսի 12-ին, սակայն բոլորովին վերջերս Ազգային ժողովի պատգամավոր Արման Սաղաթելյանը պնդում էր, որ կշռել է իր եւ իր ընկերների 15-20 տարբեր տարիքային խմբերին պատկանող երեխաների դպրոցական պայուսակները եւ պարզել, որ միջինում 12 տարեկան երեխայի դպրոցական պայուսակը կշռում է 5 կգ 200 գրամ: «Որպեսզի պատկերավոր լինի, թե ինչ քաշ է 6-րդ դասարանի երեխայի համար, ասեմ՝ ճիշտ այդքան՝ 5.2 կգ կշռում է ԱԿՍ 74 ինքնաձիգն ամբողջությամբ լիցքավորված փամփշտակալով, վրան էլ ամրակցված 40 մմ-անոց «ՌՊ» նռնականետը՝ նռնակն էլ մեջը»,- ասել էր նա:
Կասկածելի է նաեւ այն, որ դասերի ժամանակ ֆիզկուլտ վարժություններ եւ աչքերի համար մարզումներ են անցկացնում, ինչպես նաեւ այն, որ Հայաստանի բոլոր դպրոցների զուգարաններում օճառ եւ զուգարանաթուղթ կա, առհասարակ ջուր կա, էլ ուր մնաց՝ տաք։
Նյութի աղբյուրը` NEWS.am