Շփման գծում, հարավարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարզումների անցկացման վայրում, դեռեւս չպարզված հանգամանքներում մեկ տարի առաջ մահացած ժամկետային զինծառայող Հրանտ Գրիգորյանի գործով մեղադրողը ամբաստանյալի համար 8 տարի է պահանջել: NEWS.am-ի հետ զրույցում Հրանտ Գրիգորյանի հայրը՝ Գարուշ Գրիգորյանը նշեց, որ մեղադրողի՝ 8 տարվա ազատազրկման պահանջը շատ մեղմ է եւ իր որդուն ծեծելու, վիրավորանք հասցնելու մեջ մեղադրվող Վ. Բալայանի համար ամենախիստ պատիժն է պահանջելու:
«Արդեն հասկանալի է, թե ինչու է ընդամենը 8 տարվա ազատազրկում պահանջել մեղադրողը, ընդամենը 8 տարվա ազատազրկում իմ որդու մահվան համար, բայց ես դատավճռից հետո բողոքարկելու եմ, իմ որդու մահվան մեջ մեղադրվողը պետք է ամենախիստ պատիժը կրի»,-ասաց նա:
Նշենք, որ Հրանտ Գրիգորյանի գործով կալանավորված, նրան ծեծելու, վիրավորանք հասցնելու մեջ մեղադրվում է դասակի հրամանատար Վ. Բալայանը: Հրանտի հայրը՝ Գարուշ Գրիգորյանը, պնդում է, որ նախկինում այլ զինվորների էլ է նա ծեծել:
Ըստ ՔԿ տվյալների՝ դասակի հրամանատարը դեպքի նախորդող օրը՝ 2016թ. հունիսի 16-ին, ֆիզիկական բռնություն է գործադրել զինծառայողի նկատմամբ:
Նշենք, որ Վ. Բալայանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 358.1-րդ հոդվածի 2-րդ մասով (Զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ ստորադասին (ենթակային) ծեծելը կամ նրա նկատմամբ այլ բռնություն գործադրելը) եւ 360-րդ հոդվածի 2-րդ մասով (Զինծառայողին վիրավորանք հասցնելը պետի (հրամանատարի) կողմից ստորադասի (ենթակայի) նկատմամբ զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ): Նա կալանավորված է:
1997թ. ծնված Հրանտ Գարուշի Գրիգորյանը հունիսի 17-ին` ժամը 10:45-ի սահմանում, հարավարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարզումների անցկացման վայրում, դեռեւս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային գնդակային վիրավորում էր ստացել:
Հրանտ Գրիգորյանն արմատներով Արարատի մարզի Մրգավան գյուղից էր, սակայն, ընտանիքով բնակվում էր Արտաշատում: Նրա հայրը Ռուսաստանում արտագնա աշխատանքի էր, ընտանիքն այնքան էլ լավ պայմաններում չի ապրում: Հրանտ Գրիգորյանն ընտանիքի միակ տղան էր, ունի իրենից փոքր քույր: