ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական եւ դատավարական այլ գործողություններ՝ պարզելու Երեւանի 41 եւ 39-ամյա բնակիչների մահվան հանգամանքները:
ՀՀ Քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ 2018թ. փետրվարի 9-ին՝ժամը 00:30-ի սահմաններում, Երեւան քաղաքի Իսակովի պողոտայի շենքերից մեկի հարակից տարածքում գտնվող ավտոտնակում կայանված «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայի առջեւի ձախ եւ աջ նստատեղերին հայտնաբերվել են Երեւանի երկու բնակիչների՝ 1977թ. ծնված կնոջ եւ 1979թ. ծնված տղամարդու մարմինները:
Կատարվել է դեպքի վայրի զննություն։ Պարզվել է, որ նշված ավտոմեքենայի հայտնաբերման պահին ավտոտնակի մուտքի դռները գտնվել են ներսից փակ վիճակում, իսկ ավտոմեքենայի շարժիչի բանալին գտնվել է գործարկված վիճակում, տաքացուցիչները՝ միացված դիրքում: Ավտոմեքենայի պատուհանները եղել են փակ, իսկ առջեւի ձախ դռան ապակին` մոտ 5 սմ չափով իջեցված:
Պարզվել է, որ տղամարդը 2018թ. փետրվարի 7-ին՝ երեկոյան ժամը 21:00-ին, տանից դուրս է եկել, որից հետո նրա գտնվելու վայրը հայտնի չի եղել, ինչի կապակցությամբ վերջինիս կինը 2018թ. փետրվարի 8-ին ամուսնու անհայտ կորելու վերաբերյալ հաղորդում է տվել ՀՀ ոստիկանության Մալաթիայի բաժնում, որով եւ նախապատրաստվել են նյութեր:
ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ քաղաքացիների մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ, նշանակվել են դիակի դատաբժշկական փորձաքննություններ։