ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը չի պատրաստվում հրաժարվել իր պաշտոնից: «Իսկ ով է ինձնից հրաժարական պահանջնում, որ ես հրաժարական տամ: Ես նման բան չեմ ասել, լավ կանեիք ուսումնասիրեիք, ինչպիսին է հարցը եղել և ես ինչպես եմ պատասխանել դրան»,- մեկնաբանելով «Ազատություն» ռադիոկայանին տված իր հարցազրույցը, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՖՖ նախագահը:

Նրա խոսքերով, մեր երկրում հրաժարական պահանջելը ինքնանպատակ է դարձել: «Եթե երկրպագուները, ցանկանան, որ ես չլինեմ ՀՖՖ նախագահ, ես հրաժարական կտամ: Սակայն մի քանի մարդ, եթե իրենց անձնական մղումներով ցանկանում են, որ ես հրաժարական տամ, դա անհեթեթություն է: Նրանք, ովքեր քննադատում են ինձ, թող դուրս գան վիրտուալ կյանքից, գան իրական կյանք, ես պատրաստ եմ ժամերով նրանց հետ զրուցել: Վիրտուալ կյանքով ապրելը շատ վատ է: Ասում են, որ հավաքականի կազմը ես եմ որոշում, դրանք անհեթեթություններ են»,- ընդգծեց նա: