Այսօր Ազգային ժողովում կառավարության գործունեության վերաբերյալ իր հաշվետվությունը ներկայացրեց ՀՀ վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը: Վերջինս նշեց, որ Հայաստանում պետական գնումների գործընթացում բացահայտվում են հակամրցակցային, անարդյունավետ, ոչ թափանցիկ, ոչ հրապարակային եւ խտրական հիմքերով կազմակերպված գնման գործընթացներ:

Վերահսկիչ պալատի նախագահը նշեց, որ այս ոլորտում վերլուծությունները ցույց են տալիս, որ ձեռք բերվող ապրանքների, աշխատանքների եւ ծառայությունների դիմաց պետությունը վճարում է դրանց իրական արժեքից շատ ավելի մեծ գումարներ:

Իշխանը Զաքարյանը տեղեկացրեց, որ հիմնական խնդիրները քաղաքաշինության եւ գնումների ոլորտներում են:

ՎՊ նախագահը կարծում է, որ խնդիրներն ունեն համակարգային բնույթ:

«Օրինակ հացաթխման պրոցեսը, ահռելի հաց ենք գնում պետական կարիքների համար, բայց մինչև հիմա մենք նորմալ ստանդարտներ չունենք, մի դեպքում մի գումար է, մեկ այլ դեպքում մեկ ուրիշ գումար է: Խնդիրը կայանում է նրանում, որ չունենք ստանդարտներ, օրենսդրական նորմեր, համաձայն որի պետք է իրականացնեն պետական գնումներ»,-իր խոսքում նշեց Իշխան Զաքարյանը:

ՎՊ նախագահը ԱԺ դահլիճում մեկ անգամ ևս հայտարարեց, որ  կոռումպացված մեծ ռիսկեր են պարունակում գնումների և շինարարության ոլորտները:

«Ես հանդիպել եմ բոլոր նախարարների, ղեկավարների հետ և եթե այսքանից հետո պետք է անեն այն, ինչ-որ արել են տարիներ շարունակ, ապա պատկան մարմինները թող պատժեն: Ես հիմա ասում եմ, որ եկեք այս խնդիրները միասին լուծենք, իսկ պատժելիությունը մեր խնդիրը չէ, այդպիսի գործառույթ մենք չունենք»,-նշեց Իշխան Զաքարյանը:

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն էլ իր հերթին արձագանքեց և նշեց. «Եթե կա քրեական հանցագործություն, ապա պետք է կոռումպացված չինովնիկները լինեն համապատասխան վայրում, թաց ու չորը պետք է տարբերենք: Ով պատրաստ չի նորմալ ձևով աշխատելուն, ապա պետք է օր առաջ գնա իրենց տուն:Մեզ համար անթույլատրելի է կոռումպացված չինովնիկը, չաղ ու բատավոր չինովնիկներից պետք է ազատվել»: