Շիրակի մարզի Ախուրյան համայնքի բնակիչները սգում են ղարաբաղա-ադրբեջանական սահմանին փետրվարի 22-ի առավոտյան դիրքում մարտական պարտականությունները կատարելիս հակառակորդի կրակոցից զոհված Գրիգոր Կարապետի Եղոյանի կորուստը:
Եղոյանների ընտանիքը տարիներ շարունակ ապրում էր ՌԴ-ում, Գրիգորը Հայաստան եկել էր հայրենիքի հանդեպ պարտքը կատարելու համար: 1.6 տարվա ծառայող էր, շուտով պետք է տուն վերադառնար: Հարազատներն անհամբեր սպասում էին, օրերը հաշվում: Մի քանի ամիս առաջ էր արձակուրդ եկել, գյուղում ապրող բարեկամներին, մոտ հարևաններին պատմել էր, որ ծառայությունը շատ լավ է անցնում, խնդիրներ չկան, միայն թե հակառակորդն է պարբերաբար կրակում հայկական դիրքերի ուղղությամբ:
Սակայն թշնամու հերթական ակտիվությունն Արցախի Մարտակերտի շրջանի դիրքերից մեկում ճակատագրական եղավ Գրիգորի համար: Մարտական հերթապահությունը կատարելիս նա զոհվեց թշնամու երկու գնդակից, երկրորդն անմիջապես սրտին էր դիպել:
Մահվան բոթն իմանալուն պես Գրիգորի ծնողները ՌԴ-ից հայրենիք են վերադարձել:
Հարազատները դեռ երեկվանից ցանկություն էին հայտնել, որ հայրենիքի սահմանները պաշտպանելիս թշնամու գնդակից զոհված Գրիգորի մարմինը տեղափոխեն Ախուրյան համայնքի եկեղեցի, որպեսզի եկեղեցում կատարվեն արարողակարգերը:
Սակայն ավելի ուշ տեղեկացել են, որ Շիրակի թեմի առաջնորդը չի թույլատրում, որպեսզի զոհված զինվորի մարմինը տեղափոխեն եկեղեցի, քանի որ Գրիգորի հարազատների մի մասը պնդել է, որ նա մկրտված չի եղել:
«Եկեղեցին, ի դեմս թեմի առաջնորդի, մերժել է, որ եկեղեցում դնեն: Մենք նույնիսկ համաձայնեցինք, որ թող որևէ հոգևոր արարողակարգ չլինի, բայց դրվի եկեղեցում, և բացի այդ, դա ժողովրդի պահանջն է: Ծնողներն այստեղ չէին, ՌԴ-ում էին, սկզբից ասեցին, որ կնքված չի եղել էրեխեն, հետո պարզվեց, որ կնքվել է, ու ասեցին, որ կնքահայրն էլ եղել է այն ժամանակ ԱԺ պատգամավոր Ս.Բալասանյանը»,- ասաց համայնքապետ Արծրուն Իգիթյանը:
Համայնքապետը երեկ հանդիպել է թեմի առաջնորդի հետ, ներկայացրել ստեղծված իրավիճակը, սակայն Միքայել եպիսկոպոս Աջապահյանը դարձյալ մերժել է: Ուստի որոշել էին զինվորի դին տեղափոխել համայնքի մշակույթի տուն:
Հետո կարճ ժամանակ անց գյուղի բնակչությունը հավաքվեց և որոշում ընդունեց՝ Գրիգորի մարմինը տեղափոխել եկեղեցի: Եվ բոլորը միասին ոտքով շարժվեցին այնտեղ:
Համայնքապետը նշում է՝ սա բնակիչների պահանջն էր, ինչն արդարացի է, զինվորի կորուստը կորուստ է բոլորի համար, ուստի գտնում են, որ եկեղեցին առավել եւս պետք է կարեկից լինի այս ծանր պահին: «Ես այսօր չեմ կարող դեմ գնալ մեր համայնքին, մեր ազգաբնակչությանը, սա ամբողջ համայնքի պահանջն է, այդեն երկրորդ օրն է՝ ինձ հանգիստ չեն տալիս բնակիչները: Եկեղեցին գրավելու, գրոհելու կամ զավթելու խնդիր չկա, էդպես է որակավորվում, ինչքան հասկացա»,- ասաց գյուղապետը:
Որակավորողը Շիրակի թեմի առաջնորդն էր, ով գյուղապետին ու եկեղեցու սպասավորներին այդպես փոխանցել էր հեռախոսով, ինչն էլ վրդովվեցրել էր համայնքաբնակներին:
«Վերջը հերոս են այդ մարդիկ, անհարմար է եկեղեցում չթողնեն: Հայրենիքի համար զոհվածը սրբերի դասին է դասվում, ինչպե՞ս կարելի է եկեղեցում չթողնել: Մենք պատրաստ ենք ցանկացած պահի մեր գյուղով կանգնել ժողովրդի կողքին, ու ոչ ոք չի կարող խոչընդոտ հանդիսանալ, ժողովուրդն ինքն է որոշել այսպես անել»,- փոխանցեցին գյուղաբնակները:
Գրիգոր Եղոյանի հուղարկավորությունը տեղի կունենա վաղը:
Նյութի աղբյուրը՝ Galatv.am