ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը չի կարծում, որ Հայաստանի հավաքականը հերոսություն է արել` 4-0 հաշվով պարտության մատնելով Դանիայի հավաքականին:
Իսկ Մալթայի թիմի հետ խաղում Հայաստանի հավաքականի պարտության պատճառը նա հետևյալ կերպ է մեկնաբանում.
«Իմ կարծիքով բոլորդ էլ կռահում եք, որ Մալթայի խաղին մեր ֆուտբոլիստները մտել են մարզադաշտ սուպերֆուտբոլիստների կարգավիճակով ու թերագնահատելով այդ հավաքականի խաղը, դրա համար էլ պատժվեցին»,- այսօր ասուլիսում ասաց Ռուբեն Հայրապետյանը:
Անդրադառնալով Դանիայի հետ խաղին` Ռուբեն Հայրապետյանն ասաց. «Դանիայի հետ խաղում նրանք արեցին այն, ինչ կարող են ու պարտավոր են անել: Դանիայի խաղին հաստատ հերոսություն չեն արել: Եթե դա հերոսություն է, շախմատիստներին ինչ պետք է ասեն: Հաճելի է, որ լավ են խաղում, բայց դա հերոսություն չէ»,- ընդգծեց նա:
Հարցին, թե խրախուսելու է արդյոք ֆուտբոլիստներին Դանիայի հետ հավաքականի հետ խաղում հաղթելու համար, Ռուբեն Հայրապետյանը պատասխանեց. «Այո, իհարկե, խրախուսելու եմ, պատվոգրերով»:
Անդրադառնալով այն խոսակցություններին, թե Մալթայի խաղը «ծախված» է եղել, Ռուբեն Հայրապետյանը նշեց. «Ասում են, որ Մալթայի հավաքականի կազմը ես էի դրել, ե՞ս էի ասում` մի վազեք, գոլ մի խփեք, ասում էին, որ խաղ եմ ծախել: Ես պատրաստ եմ ամեն ինչ գնելու, այդ թվում նաև նրանց, ովքեր գրում են, թե ես խաղ եմ ծախել: Ես ընդհանրապես ոչ մի բան չեմ ծախում, այլ գնում եմ»:
Լրագրողներից մեկը Ռուբեն Հայրապետյանին խնդրեց անդրադառնալ նախկին մարզիչ Յան Պոուլսենի հայտարարություններին, թե Ռուբեն Հայրապետյանը միանձնյա է որոշում ամեն ինչ: Ռուբեն Հայրապետյանն ասաց, որ կարծում է, թե Պոուլսենը չի հասկացել, թե ինչ է խոսացել: Նա նշեց, թե շատ վատ է, երբ Պոուլսենն այդ տարիքում «սուտ է խոսում»: