Մարտի 7-ին հայտնի դարձավ, որ Էստոնիայի (մարտի 24-ին, 18:00-ին) եւ Լիտվայի (մարտի 27-ին, 19:00-ին) հավաքականների դեմ Երեւանում կայանալիք ընկերական խաղերին պատրաստվելու համար Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը թիմ է հրավիրել արտերկրում հանդես եկող 13 ֆուտբոլիստների:
Բոլորիս ծանոթ խաղացողների շարքում միանգամից աչքի ընկավ անծանոթ և հնչեղ անուն ազգանունով նորեկի առկայությունը. Նորբերտո Բրիասկո, «Աթլետիկո Ուրական» (Արգենտինա):
Ո՞վ է Նորբերտո Բրիասկոն, ի՞նչ առնչություն ունի նա Հայաստանի հետ և արդյո՞ք կարող է ուժեղացնել մեր ազգային հավաքականը: Ներկայացնում ենք արգենտինահայ ֆուտբոլիստին:
Եվ այսպես, 1996-ի փետրվարի 29-ին Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսի արվարձաններից մեկում ծնված Բրիասկոն ստիպված է լինում իր ծննդյան տարեդարձը նշել ճիշտ օրը 4 տարին մեկ միայն, սակայն դա նրա մասին պատմող ամենակարևոր փաստը չէ: Մայրական կողմից Նորբերտոն ստացել է Բալեկյան երկրորդ ազգանունը:
22-ամյա ֆուտբոլիստը կարիերան սկսել է Արգենտինայի «Աթլետիկո Ուրականում»` անցնելով հայտնի ակումբի բոլոր տարիքային խմբերով և ի վերջո համալրելով գլխավոր թիմը:
Կենտրոնական հարձակվողի դիրքում հանդես եկող և լատինաամերիկյան դպրոցի ներկայացուցիչներին հատուկ բավականին լավ տեխնիկայի և դրիբլինգի տիրապետող Բրիասկոյի հասակը 179 սմ է:
«Ուրականի» երկրորդ թիմում հաջող մրցելույթներից հետո Բրիասկո-Բալեկյանը 2016-ի ամռանը համալրեց ակումբի գլխավոր թիմը, որի կազմում այս ընթացքում 23 հանդիպում է անցկացրել Արգենտինայի Բարձրագույն խմբի առաջնությունում` դառնալով 4 գոլի հեղինակ: Գավաթի խաղարկությունում Նորբերտոն 3 խաղ է անցկացրել (1 գոլ), ևս 4 խաղ և մեկ գոլ նա ունի Սուդամերիկանայի գավաթի խաղարկությունում:
Այս տարի Բրիասկոն, որի պայմանագիրն «Ուրականի» հետ նախատեսված է մինչև 2021 թվականի հունիսի 30-ը, արդեն բացել է իր գոլերի հաշիվը` խփելով «Բանֆիլդի» դեմ խաղի միակ գոլը:
Հեղինակավոր Transfermarkt կայքը Հայաստանի հավաքականի նորեկի տրանսֆերային արժեքը գնահատում է 765 հազար ֆունտ ստերլինգ:
Whoscored.com վիճակագրական կայքում նրա միջին գնահատականն ընթացիկ մրցաշրջանում 6.61 է:
Տեղեկություն ֆուտբոլային սիմուլյատորների սիրահարների համար. FIFA 18-ում Բրիասկոյի վարկանիշը 63 է:
20 տարեկանից Արգենտինայի Բարձրագույն խմբի առաջնությունում հանդես եկող Նորբերտո Բրիասկոն չի հրաժարվել համեստ առօրյայից. Նախորդ տարվա մայիսին elequipo-deportea.com կայքին տված հարցազրույցում նա նշել է, որ ամեն օր մարզման մեկնում է գնացքով և առայժմ մտադիր չէ ավտոմեքենա գնել:
Այն հարցին, թե արդյոք նրան փողոցում ճանաչում են, Բալեկյանը պատասխանել է. «Մեր փողոցի բնակիչներն ինձ ուղղակի որպես իրենց ընկեր կամ ծանոթ են ընկալում: Երկրպագուներն էլ ոչ միշտ են ճանաչում: Սակայն, եղել են դեպքեր` այդ թվում գնացքում»:
Երիտասարդ խաղացողի բոլոր մտքերը կապված են ֆուտբոլի հետ. «Ֆուտբոլն իմ համար ամեն ինչ է: Շնորհակալ եմ Աստծուն` այս հնարավորության համար: Ուզում եմ շարունակել մեծ բավականություն ստանալ այս խաղից»,- նշել էր Բրիասկոն:
Դատելով «Ուրականի» կազմում Նորբերտո Բրիասկոյի խփած գոլերից, կարելի է ենթադրել, որ Բալեկյանը բազմակողմանի զարգացած ֆուտբոլիստ է:
Դիտենք Հայաստանի ազգային հավաքականի նորեկի գոլերից մի քանիսը` հույս ունենալով, որ Նորբերտո Բրիասկո-Բալեկյանը մեծ օգուտ կտա Հայաստանի հավաքականին և երկար տարիներ կուրախացնի հայ ֆուտբոլասերներին:
Սամվել Սուքիասյան