Վերաքննիչ քրեական դատարանում ավարտվել է Գևորգ Կոսոբոգլյանի ու նրա չորս ծառայակիցների գործով բերված վերաքննիչ բողոքների քննությունը:
Գործը քննվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Նապոլեոն Օհանյանի նախագահությամբ:
Ըստ մեղադրանքի՝ ժամկետային զինծառայող, 20-ամյա շարքային Գևորգ Կոսոբոգլյանը 2016 թվականի մայիսի 25-ին, ժամը 15.30-ի սահմաններում ծառայակից Պավել Վարդիկյանի հետ գնացել է զորանոցի ննջարան՝ պարզաբանում կատարելու:
Նույն օրը, ժամը14-ի սահմաններում ճաշարանում զինվորներն աղմկել էին, ու ժամկետային զինծառայող Հակոբ Գևորգյանը, զայրանալով, ասել էր. «Մեկը չկա՝ էս գումարտակի բերանի փակի, անտեր ե՞ք, տեր չունե՞ք»:
Գևորգ Կոսոբոգլյանն ու Պավել Վարդիկյանը, գնալով ննջարան՝ վերոհիշյալ արտահայտության պատճառով վիճաբանել, ապա կռիվ են արել մի խումբ զինվորների՝ արտահայտությունն արած Հակոբ Գևորգյանի, ինչպես նաև Սամվել Կարապետյանի, Յուրա Սերոբյանի, Վաչագան Գրիգորյանի հետ:
Ըստ մեղադրանքի՝ Գևորգ Կոսոբոգլյանը ձեռքերով ու ոտքերով հարվածել է Հակոբին ու Սամվելին:
Երբ փոխադարձ կռվի ժամանակ Հակոբը ձեռքով հարվածել է Պավել Վարդիկյանի գլխին, վերջինս Հակոբի գլխին հարվածել է զինվորական աթոռակով:
Գևորգ Կոսոբոգլյանըբռունցքով մեկ անգամ հարվածել է Սամվել Կարապետյանի դեմքին, ապա, ըստ մեղադրանքի, Հակոբ Գևորգյանին կյանքից զրկելու դիտավորությամբ իր մոտ եղած դանակով հարվածել է Հակոբի կրծքավանդակի ձախ մասին ու սպանել է նրան:
Գևորգ Կոսոբոգլյանին մեղադրանք էր առաջադրված ինչպես դիտավորյալ սպանության, այնպես էլ զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելով՝ խմբի կազմում երկու անձանց նկատմամբ բռնի գործողություններ կատարելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով և 359 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով:
Բացի Կոսոբոգլյանից՝ ամբաստանյալի աթոռին էին նաև ննջարանում խմբակային ծեծկռտուքի մասնակից չորս զինծառայողներ՝ Սամվել Կարապետյանը, Յուրա Սերոբյանը, Պավել Վարդիկյանը, Վաչագան Գրիգորյանը, ովքեր մեղադրվում էին միայն ՀՀ քրեական օրենսգրքի 359 հոդվածի 2-րդ մասով:
Հինգ ամբաստանյալներից կալանքի տակ էր միայն սպանության համար մեղադրվող Գևորգ Կոսոբոգլյանը: Նա արգելանքի տակ էր 2016 թվականի մայիսի 26-ից:
Գևորգն իրեն մեղավոր է ճանաչել մասնակիորեն:
Նա նշել է, որ 2016 թվականի մայիսի 25-ին, ժամը 14-ի սահմաններում իր գումարտակի զինծառայողների հետ գնացել է ճաշարան, որտեղ մարդաշատության պատճառով աղմուկ է բարձրացել:
Հակոբը ոտքի է կանգնել ու դիմելով միայն իրենց գումարտակի զինծառայողներին, ասել է. «Արա՛, չեմ ջոգում, ձեր մեջ մի հատ տղա չկա՞, հելնի բերաններդ փակի, թե՞ տեր չկա, էլի անտեր եք մնացել»:
Ճաշից հետո ինքը գնացել է իրենց գումարտակի ննջարան, համածառայող Պավելի ու Մովսեսի հետ որոշել են գնալ Հակոբի զորանոց՝ պարզաբանում ստանալու:
Այնտեղ՝ նրանց ննջարանում, ինքը բարևել ու ասել է. «Մի քանի բառ կա փոխանակելու»: Պավելի ու Մովսեսի հետ նստել է մահճակալին՝ Հակոբի ու Սամվելի դիմաց: Ինքն ասել է, թե ճաշարանում շատ մարդ կար, բոլորն էլ տեր ունեն, ու Հակոբն արտոնություն չունի իրենց հետ այդպես խոսելու:
Հակոբը խոսքի տոնը բարձրացրել է: Ինքը նրան զգուշացրել է, որ հանգիստ խոսի:
Հակոբը ոտքի է ելել, կանգնել են բոլորը:
Հակոբը բռնել է իր օձիքից, ինքը բռնել է նրա ձեռքից: Ասել է՝ մենք եկել ենք հանգիստ խոսելու:
Հակոբն ասել է. «Գոհ եղիր, որ մենք մեզ սենց ենք պահում», ու ձեռքով հարվածել է իր դեմքին: Իր մեջքից բռնել, գցել են նախավերջին մահճակալին: Իրեն հարվածել են մի քանի հոգի: Ինքը փորձել է պատասխան հարվածներ հասցնել:
Ննջարան է մտել Արամը, քաշել-իրեն բարձրացրել է մահճակալից: Ինքը հարվածել է Սամվելին: Քիչ անց Հակոբը մոտեցել է իրեն, գցել է անկյունային մահճակալին, նստել է իր վրա, աջ ձեռքով խեղդել է, իսկ ձախ ձեռքով հարվածել է իրեն:
Ինքը զգացել է, որ օդը չի հերիքում: Հակոբը երկու ձեռքով է փորձել իրեն խեղդել: Փորձել է մատները մտցնել իր աչքերի մեջ: Ինքը մտածել է, որ գտնվում է անելանելի վիճակում և բնազդաբար, չգիտակցելով իր գործողությունների հետևանքը, հանել է տաբատի գրպանում եղած դանակը, հավաքել է ուժերն ու հարվածել է Հակոբին: Հետո փախել, գնացել է զբոսայգի, դանակը խրել է հողի մեջ: Այդտեղից իրեն տարել են զորամասի շտաբ:
Ընդհանուր իրավասության դատարանը Գևորգ Կոսոբոգլյանի ցուցմունքը արժանահավատ է գնահատել: Դատարանը նշել է, որ մեղադրանքի կողմը այդ ցուցմունքը հերքող որևէ ապացույց դատաքննությամբ չի ներկայացրել:
Դատարանն արձանագրել է, որ մինչև կռիվը Գևորգը մի քանի անգամ ասել է, որ իրենք գնացել են հանգիստ խոսելու: Այդ հանգամանքը դատաքննությամբ չի հերքվել:
Դատարանում ամբաստանյալ Սամվել Կարապետյանն իրեն լիովին մեղավոր է ճանաչել, հրաժարվել է ցուցմունքներ տալուց:
Նախաքննական ցուցմունքում նա հայտնել է, որ ննջարանում խոսակցության ընթացքում «կրքերը տաքացել են», Հակոբը հարվածել է Գևորգին: Ինքը պահել է Մովսեսին ու Պավելին, որ կռվին չխառնվեն: Հակոբը Գևորգին քաշել-տարել է անկյունային մահճակալի մոտ, հարվածներ է հասցրել: Ինքը մոտեցել է նրանց, որ հանդարտեցնի: Այդ ժամանակ Գևորգը ոտքի է կանգնել ու հարվածել է իրեն: Հետո Գևորգը մոտեցել է Հակոբին, երկուսով ընկել են մահճակալի վրա: Ինքը փորձել է նրանց բաժանել: Քիչ հետո Գևորգը դուրս է եկել Հակոբի տակից ու փախել է: Հակոբը ոտքի է կանգնել ու տեսել է, որ կողքը վնասված է:
Ամբաստանյալներ Յուրա Սերոբյանը, Պավել Վարդիկյանը, Վաչագան Գրիգորյանն իրենց մեղավոր են ճանաչել, հրաժարվել են դատարանում ցուցմունքներ տալուց:
Ընդհանուր իրավասության դատարանը եզրակացրել է, որ Գևորգ Կոսոբոգլյանին դիտավորյալ սպանության համար առաջադրված մեղադրանքը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով, պետք է վերաորակվի ՀՀ քրեական օրենսգրքի 108 հոդվածով՝ անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցմամբ կատարված սպանություն:
Դատարանի եզրահանգմամբ՝ Գևորգ Կոսոբոգլյանն իրականացրել է իր պաշտպանությունը, բայց դուրս է եկել անհրաժեշտ պաշտպանության սահմաններից՝ թույլ է տվել անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցում՝ դանակով հարվածել է Հակոբ Գևորգյանին ու պատճառել է մահ:
Գևորգ Կոսոբոգլյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 108 հոդվածով և 359 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով ու վերջին հաշվով դատապարտվել է 5 տարի ազատազրկման: Պատժի սկիզբը՝ 2016 թվականի մայիսի 26-ից:
Սամվել Կարապետյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 359 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով ու դատապարվել է 2 տարի ազատազրկման:
Յուրա Սերոբյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 359 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, ու վերջնական պատիժ է սահմանվել 1 տարի 5 ամիս 27 օր ազատազրկում:
Պավել Վարդիկյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 359 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, վերջնական պատիժ է սահմանվել 1 տարի 5 ամիս 27 օր ազատազրկումը:
Վաչագան Գրիգորյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 359 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով ու դատապարտվել է 1 տարի 6 ամիս ազատազրկման: Տուժողի իրավահաջորդի ներկայացրած քաղհայցի պահանջը բավարարվել է մասնակիորեն՝ Գևորգ Կոսոբոգլյանից հօգուտ տուժողի իրավահաջորդի կբռնագանձվի 2 միլիոն դրամ՝ որպես հանցագործությամբ անմիջականորեն պատճառված նյութական վնասի հատուցում: Քաղհայցը մնացած մասով թողնվել է առանց քննության՝ իրավունք վերապահելով տուժողի իրավահաջորդին այն ներկայացնելու քաղաքացիական դատավարության կարգով:
Վերաքննիչ քրեական դատարանը, քննելով բերված վերաքննիչ բողոքները, վերաորակել է Գևորգ Կոսոբոգլյանի՝ առաջին ատյանի դատարանի կողմից վերաորակված արարքը:
Վերաքննիչ դատարանը անհիմն է համարել առաջին ատյանի դատարանի կատարած վերաորակումը՝ գործով ապացուցված չհամարելով, որ Գևորգ Կոսոբոգլյանը տուժողին մահ է պատճառել՝ գտնվելով անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցման վիճակում:
Վերաքննիչ քրեական դատարանը ապացուցված չի համարել նաև Գևորգ Կոսոբոգլյանի կողմից դիտավորյալ սպանության կատարումը՝ նախաքննական մարմնի առաջադրած մեղադրանքը:
Գործի հանգամանքների վերլուծության արդյունքում վերաքննիչ քրեական դատարանը եզրահանգել է, որ Գևորգ Կոսոբոգլյանը մեղավոր է տուժողի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս հասցնելու համար, ինչի արդյունքում տուժողը մահացել է՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով: Վերաորակման արդյունքում խստացվել է նաև Գևորգ Կոսոբոգլյանի նկատմամբ սահմանված պատիժը: Գևորգ Կոսոբոգլյանը վերջին հաշվով դատապարտվել է 8 տարի 6 ամիս ազատազրկման:
Ծեծկռտուքին մասնակից մյուս չորս ամբաստանյալների պատժի մասով, հակառակը, մեղմացում է եղել՝ նրանք իրական ազատազրկման չեն դատապարտվի՝ վերաքննիչ դատարանը կիրառել է պայմանական դատապարտություն, յուրաքանչյուրի համար սահմանել է փորձաշրջան:
Նյութի աղբյուրը՝ 1-in.am