«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Ոստիկանության Երևանի վարչության նախկին պետ Ներսիկ Նազարյանի պաշտոնանկության պատճառը պաշտոնապես մեկնաբանվեց որպես պաշտոնն ու բիզնես գործունեությունը համատեղել, ինչն օրենքով արգելվում է: Մինչդեռ բոլորին է հայտնի է, որ մեր երկրում գոյատևման միջոցը համարվում է բիզնեսը, և այն, անկախ պաշտոնից ու դիքից, համատեղում են գրեթե բոլոր չինովնիկները: Եվ եթե փորձեն օրենքի այդ կետը խստորեն կիրառել, ապա պաշտոնանկությունների մարաթոն կսկսվի: Իսկ Ներսիկ Նազարյանի պաշտոնանկությունը, ոչ պաշտոնապես, կապված է ֆինանսական մեքենայությունների հետ, որն այս պահին քննվում է հատուկ քննչական ծառայությունում, և դեռ անուններ ու մանրամասներ չեն հրապարակվում: Իսկ ինչպե՞ս ընտրվեց Նազարյանի իրավահաջորդը` Աշոտ Կարապետյանը, արդյո՞ք բիզնես չունի, և վերջապես, ի՞նչ առավելությունների շնորհիվ»:
- Պարոն Կարապետյան, Ձեր և Ներսիկ Նազարյանի միջև ի՞նչ տարբերություն կա, և դա հատկապես նշանակվելուց հետո ինչպե՞ս է արտահայտվել:
- Ես գնահատական տվող չեմ, էսօր մենք նշում ենք Տարոն Մարգարյանի երդմնակալության արարողությունը՝ որպես նոր քաղաքապետի:
- Երևանի քաղաքացին Ձեր և նախորդի տարբերությունն ինչպե՞ս է զգալու:
- Մենք նոր ոստիկանի կերպար ենք կերտում, դրա գնահատականը թող տա երևանցին: Տարբերությունը թող քաղաքացին ինքն ասի, ես աշխատում եմ իմ գործառույթների շրջանակում՝ պաշտպան լինելով քաղաքացու շահերին:
- Ներսիկ Նազարյանի պաշտոնանկությունը պաշտոնապես հիմնավորվեց բիզնես գործունեությամբ, ինչի Դուք բիզնես չունե՞ք, որ Ձեզ նշանակեցին իր փոխարեն:
- Ես բիզնես չունեմ:
- Ինչո՞վ եք ապրում, աշխատավարձո՞վ:
- Իհարկե, ոստիկանի պես: -
Ո՞ր ոստիկանի՝ շարքայի՞ն, թե՞ բարձրաստիճան:
- Գնդապետի կոչում ունեցող ոստիկանի պես…
- Բիզնեսներն էլ գրանցել եք ընտանիքի անդամների անունո՞վ…
- Չունեմ ես բիզնես, չեմ էլ պատկերացնում, որ կարող ա ունենամ, բոլոր իմ բարեկամներն ու ծանոթները կվստահեցնեն, որ ես բիզնես չունեմ: Ես չեմ հարգի ինձ, որ բիզնես ունենամ և լինեմ ոստիկան, դրանք անհամատեղելի են՝ իմ կարծիքով: