Սոցցանցերի հայկական տիրույթում պարբերաբար տարածվում են worldlifeexpectancy.com առցանց ռեսուրսի տվյալները մի շարք հիվանդություններից մահացությունների վերաբերյալ: Ըստ այս կայքի տվյալների՝ Հայաստանն աշխարհի երկրների ցանկում առաջին տեղում է քաղցկեղից մահացությունների ցուցանիշով: Այս «բացահայտումը» լայն արձագանքի պատճառ դարձավ մամուլում և սոցցանցերում:
Փորձենք պարզել՝ արդյոք Հայաստանն իրոք առաջին տեղում է քաղցկեղից մահացությունների թվով: Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունն ամեն տարի հրապարակում է Հայաստանում մահերի թիվը և պատճառները: Ըստ այդմ՝ 2017 թվականին Հայաստանում նորագոյացություններից մահացել է 5606 մարդ՝ 89-ով պակաս, քան 2016 թվականին: Ըստ ԱՎԾ-ի՝ Հայաստանի բնակչությունը կազմում է 2 միլիոն 973 հազար մարդ: Հայաստանում 530 մարդուն բաժին է հասնում 1 մահ նորագոյացություններից, այսինքն՝ 100 հազար բնակչի հաշվով՝ 188 մահ: worldlifeexpectancy.com կայքը նշում է, որ հիմնվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների վրա: Ըստ կայքի՝ Հայաստանում 100 հազար բնակչի հաշվով 229.8 մահ է գրանցվում:
Cancer Research UK կազմակերպությունը, որը զբաղվում է քաղցկեղի դեմ պայքարով, պնդում է, որ Հայաստանում քաղցկեղից մահացության ցուցանիշը 150.2 է 100 հազար բնակչի հաշվով, որը երրորդ ցուցանիշն է աշխարհում Մոնղոլիայից և Հունգարիայից հետո: Այս կազմակերպությունը հիմնվում է 2012 թվականի տվյալների վրա: cancerresearchuk.org-ը Հայաստանի վերաբերյալ աղբյուրները գնահատում է միջին վստահելիության:
Միևնույն ժամանակ, Առողջապահության համաշխարհային կազմակերպության կազմում գործող Քաղցկեղի ուսումնասիրության միջազգային գործակալության տվյալներից տեղեկանում ենք, որ չնայած քաղցկեղով հիվանդների թվով Հայաստանի թիվը բարձր է (257՝ 100 հազար բնակչի հաշվով), սակայն այս ցուցանիշով զգալի զիջում է Արևմտյան և Կենտրոնական Եվրոպայի երկրներին, ԱՄՆ-ին, Կանադային և մի շարք այլ երկրների: Այս երկրներում, սակայն, ի տարբերություն Հայաստանի, ցածր է մահացության ցուցանիշը: Օրինակ, Ֆինլանդիայում 256 դեպքին բաժին է ընկնում 86 մահ, մինչդեռ Հայաստանում՝ 257-ից՝ 150:
Վրաստանի վիճակագրական ծառայությունից վերցված տվյալների համաձայն՝ 2016 թվականին այդ երկրում նորագոյացություններից մահացել է 6819 մարդ, իսկ բնակչության թիվը 3 միլիոն 720 հազար է: Դա նշանակում է, որ Վրաստանում 100 հազար բնակչի հաշվով 183.3 մահ է գրանցվում: Մինչդեռ, այդ թիվը, ըստ worldlifeexpectancy.com-ի, 106 է:
Լրատվամիջոցներում և սոցցանցերում լայն արձագանքին անդրադարձել է Առողջապահության նախարարությունը: «Առանձին լրատվամիջոցներում կրկին շրջանառվում են ոչ հավաստի տվյալներ այն մասին, թե իբր չարորակ նորագոյացություններից մահացության ցուցունիշներով Հայաստանն աշխարհում զբաղեցնում է առաջին տեղը։
Դժվար է ճշտել, թե վկայակոչվող ոչ պաշտոնական World Life Expectancy («Կյանքի տեւողությունն աշխարհում») էլեկտոնային պարբերականը որտեղից է քաղել այդ տվյալները։
Հստակ է, որ ինչպես Հայաստանը, այնպես էլ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) անդամ երկրներն իրենց ցուցանիշներն ուղարկում են ԱՀԿ` միջազգային տվյալների հրապարակման և երկրների միջև համեմատական վերլուծություն կատարելու նպատակով։
ԱՀԿ Եվրոպական տարածաշրջանի երկրների համար գործող «European Health Information Gateway» (https://gateway.euro.who.int/en/indicators/hfamdb_634-sdr-malignant-neoplasms-per-100-000/visualizations/#id=30910&tab=table) պաշտոնական կայքի տվյալների շտեմարանը հնարավորություն է տալիս այս ցուցանիշների համեմատական վերլուծություն կատարել և համոզվել, որ չարորակ նորագոյացություններից մահացության ցուցանիշը Հայաստանում ցածր է շատ երկրների համեմատ»։
Չնայած Առողջապահության նախարարությունը, հղում անելով այս տվյալներին, նշում է, որ սա ամենաբարձր ցուցանիշը չէ, սակայն աղյուսակին նայելիս կտեսնենք, որ ամենաբարձրների շարքում է:
Հայաստանի պարագայում կա մեկ այլ մտահոգիչ միտում: Հայաստանում չարորակ գոյացություններից մահերի թիվն անշեղորեն աճում է: Եթե 1981 թվականին 100000 բնակչի հաշվով գրանցվել է 126 մարդ, 2000-ին՝ 153, ապա 2012-ին՝ 188:
Ամփոփելով նշենք, որ worldlifeexpectancy.com կայքի տվյալները չեն համապատասխանում այլ աղբյուրներից վերցված տվյալներին, որոնք առավել հավաստի են: Չնայած քաղցկեղից մահացություններից ցուցանիշով Հայաստանն առաջին տեղը չի զբաղեցնում, սակայն գտնվում է բարձր մահացություն ունեցող երկրների շարքում:
Մեկ այլ մտահոգիչ հանգամանք է մահացությունների աճի դինամիկան: Եվրոպական երկրների մեծամասնությունում քաղցկեղով հիվանդացության թվերը շատ ավելի բարձր են, քան Հայաստանում, սակայն Հայաստանը զգալիորեն զիջում է այդ երկրներին բարեհաջող բուժումների թվով:
Նյութի աղբյուրը՝ Lragir.am