Lragir.am-ը գրում է.

Կարեն Կարապետյանն ապացուցել է, որ կարող է լինել լիդեր, News.am-ի հետ զրույցում ասել է գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը, որը համարվում է վարչապետի թիմից: Միեւնույն ժամանակ, նա խուսափել է նշել մեկ պատճառ, որ Սերժ Սարգսյանի վարչապետի պաշտոնում առաջադրվելը անհրաժեշտություն է:
«Կոռեկտ չի, որ ես պիտի ասեմ պատճառներ Սերժ Սարգսյանի մնալու անհրաժեշտության մասին, հարցը պետք է քննարկվի համապատասխան տեղ, համապատասխան մարդկանց կողմից», ասել է Իգնատի Առաքելյանը:
Հայաստանում առայժմ ցաքուցրիվ շարժում է սկսվել Սերժ Սարգսյանի վարչապետությունը թույլ չտալու համար, որոնց մասնակիցներից շատերն արդարացի նշում են, որ հաջողության կարելի է հասնել կամ ժողովրդի լայն մոբիլիզացիայով, կամ իշխանության ներքին դիմակայության պայմաններում:
Այս վերջինը շատ ավելի հավանական է թվում, նկատի առնելով, որ Հայաստանում «իշխանափոխությունները» տեղի են ունենում իշխող համակարգի ներսում:
Այստեղ էլ գլխավոր «շահառու» է համարվում Կարեն Կարապետյանը, ով խորհրդարանի վերջին նիստում վերահաստատեց նախկինում արած իր հայտարարությունը, որ ցանկանում է վարչապետ աշխատել:
Ընդ որում, դա հետեւեց Սերժ Սարգսյանի հայտնի հայտարարությանը, որը գնահատվեց որպես վարչապետ դառնալու որոշման ակնարկ: Նշանակո՞ւմ է դա, որ դեռ ոչինչ որոշված չէ, եւ իշխանության ներսում իսկապես կա պայքար:
Միեւնույն ժամանակ, երբ Կարեն Կարապետյանը Սերժ Սարգսյանից հետո հայտարարում է, որ պատրաստ է վարչապետ աշխատել, դա դառնում է մարտահրավերի պես մի բան: Իսկ երբ նրա թիմակից նախարարը հայտարարում է, որ Կարեն Կարապետյանը կարող է լինել լիդեր, դա արդեն նաեւ քաղաքական հայտ է: Բանն այն է, որ վարչապետը մինչ այժմ խուսափել է քաղաքականությամբ զբաղվելուց եւ ներկայացել ու ներկայացվել որպես մենեջեր, որին օրինակ հասու չեն անվտանգության, Ղարաբաղի, արտաքին քաղաքականության եւ այլ խնդիրներ: Կարեն Կարապետյանը նույնիսկ ընդունել է այդ հանգամանքը, համաձայնվելով Սերժ Սարգսյանի մասով ՀՀԿ-ականների գնահատականների հետ:
Մյուս կողմից, լիդերն արդեն քաղաքական դեմք է, խնդիրների լայն սպեկտրով: Եվ երբ Կարեն Կարապետյանը հայտարարում է, որ պատրաստ է վարչապետ աշխատել, իսկ իր թիմակիցն էլ ասում է, որ նա կարող է լինել լիդեր, դա ներառում է նաեւ այն խնդիրները, որտեղ ինքը, ըստ Սերժ Սարգսյանի անփոխարինելության ջատագովենրի, չկա, կամ չի ձգում այդ խնդիրներին:
Այսպիսով, Կարեն Կարապետյանը փաստորեն մերժում է Սերժ Սարգսյանին ու ՀՀԿ-ին, նկատի առնելով Սարգսյանի վարչապետության հիմնավորումները:
Հիմա, ինչպե՞ս է նա «հետ կանգնելու» իր խոսքից, եթե վարչապետ չդառնա: Հեռանալո՞ւ է կառավարությունից, կամ միանալո՞ւ է «մերժիր Սերժին» շարժմանը, թե՞ Սերժ Սարգսյանի պես հայտարարելու է, որ իրավիճակ է փոխվել, եւ պետք չէ իր հայտարարություններն ընդունել որպես դոգմա:

 Նյութի աղբյուրը՝ Lragir.am