Lragir.am-ը գրում է.
Սոցիալական ցանցերում մեծ աղմուկի պատճառ է դարձել Հայաստանի Ազգային Ժողովի ՀՀԿ-ական պատգամավոր Միհրան Հակոբյանի հայտարարությունն այն մասին, որ եթե խոսվում է ապրիլյան քառօրյային 800 հա դիրքային կորստի մասին՝ որպես Սերժ Սարգսյանի նախագահության ընթացքում ունեցած կորուստ, ապա պետք է խոսվի նաեւ Նախիջեւանի ուղղությամբ դիրքային մոտ 20 հազար հա ձեռքբերման մասին, որ նույնպես եղել է Սարգսյանի նախագահության շրջանում եւ ռազմավարական ու տարածական իմաստով առավել մեծ ու նշանակալի է:
Նախիջեւանի ուղղությամբ դիրքային ձեռքբերումը գաղտնիք չէ: 2014 թվականի հունիսին ոչպաշտոնական աղբյուրները հայտնեցին, որ հայկական զինուժը առանց մարտի կարողացել է շրջանցել ադրբեջանական զինուժի դիրքապահ ստորաբաժանումներին եւ վերահսկողություն հաստատել մինչ այդ չեզոք գոտի համարվող 100 քառակուսի կմ տարածքի վրա, ինչի հետեւանքով ադրբեջանցիները ստիպված են եղել լքել նաեւ հարակից դիրքերը՝ անվտանգության նկատառումից ելնելով:
Պատգամավորը Հայկական ժամանակին ասել է, որ դրա շնորհիվ հայկական զինուժի համար կրակային հասանելիության գոտում է հայտնվել Նախիջեւան քաղաքը, Նախիջեւանի միջազգային օդանավակայանը:
Զուտ քաղաքական բանավեճի տրամաբանության տեսանկյունից հասկանալի է թե 800 հա-ի համար մեղադրանքը, թե ՀՀԿ ներկայացուցչի պատասխանը 20 հազար հա մասին: Այստեղ թերեւս առանձին խնդիր է այն, թե արդյոք նպատակը բոլոր դեպքերում արդարացնում է միջոցները:
Իշխանություն-ընդդիմություն դիմակայության դաշտում խնդիրը թերեւս անհամարժեք նեղանում է, մինչդեռ տվյալ պարագայում խոսքը գուցե ռազմա-քաղաքական կտրվածքով չափազանց ընդգրկուն իրադարձությունների մասին է, որ նախորդել են ապրիլյան քառօրյային:
Ընդհանրապես, ապրիլյան քառօրյան ինքնին պատերազմական կարճ փուլ լինելով հանդերձ, ռազմա-քաղաքական առումով ավելի ընդգրկուն գործընթաց էր, որ ծավալվում էր ոչ թե օրեր, շաբաթներ կամ ամիսներ, այլ տարիներ, առնվազն երկու-երեք:
Ադրբեջանը 2016-ից մի քանի տարի առաջ սկսեց ինտենսիվացնել ռազմական դիվանագիտության մարտական բաղադրիչը, ավելի ու ավելի մեծացնելով սահմանին հրադադարի խախտման ինտենսիվությունն ու տրամաչափը: Այդ շղթայում, 2014 թվականին բավականին ակտիվացան խախտումները Նախիջեւանի ուղղությամբ: Մինչդեռ, այդ ուղղությունը միշտ հանգիստ է եղել: Ավելին, ոչ միայն տեղի ունեցավ խախտումների ակտիվացում, այլ եղան տեղեկություններ, որ դրանց մասնակցում են նաեւ թուրք վարձկաններ: Այն ժամանակ Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը չհերքեց այդ հանգամանքը, ասելով, որ Նախիջեւանում կա թուրք-ադրբեջանական համազորային բանակ եւ կան թուրքական ստորաբաժանումներ:
Նախիջեւանի ուղղությամբ հայկական կողմն ունեցավ կորուստներ: Դրանից հետո եղավ տեղեկությունը, որ հայկական զինուժը զբաղեցրել է 100 քառակուսի կմ տարածք եւ հետ մղել ադրբեջանական դիրքերը, զբաղեցնելով թելադրող դիրքեր:
Ընդ որում, հետաքրքիր է, որ թուրքական վարձկանների ենթադրական մասնակցությամբ Նախիջեւանի ուղղությամբ սադրանքը տեղի էր ունեցել այն օրը, երբ Թուրքիայում տեղի էր ունենում թյուրքալեզու պետությունների վեհաժողովը:
Հայկական կողմի պատասխանի մասին ադրբեջանցիները գերադասեցին լռել, չխոսել դիրքային կորստի վերաբերյալ: Բայց Ադրբեջանը որոշեց պատասխանել Տավուշի ուղղությամբ, եւ 2014-ի օգոստոսին ծավալվեց «դիվերսիոն պատերազմը» Տավուշի սահմանին:
Առավել ուշագրավ էր այն, որ 2014-ի հոկտեմբերին Հայաստան ժամանած ՀԱՊԿ Գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի ուղեկցությամբ այցելել էր Նախիջեւանի սահման: Մանրամասներ չեղան, սակայն փաստն ինքնին հատկանշական էր եւ վկայում էր, որ այդ ուղղությամբ 2014-ի ամռանը տեղի ունեցած ակտիվացումն ու հայկական զինուժի առաջխաղացումը ունեցել է ոչ միայն դիրքային, այլ նաեւ ռեգիոնալ նշանակություն ռազմա-քաղաքական դիրքավորման եւ ուժերի հարաբերակցության մասով:
Ավելին, պետք չէ բացառել, որ խոսքը վերաբերել է Նախիջեւանի ուղղությամբ կանխարգելիչ հարվածի, որ հասցվել է գործնականում ոչ միայն Ադրբեջանին, այլ նաեւ Թուրքիային: Եվ Բորդյուժան թերեւս եկել է արձանագրելու «նոր սահմանը», այն բանից հետո, երբ հայկական զինուժը պահեց սահմանը Տավուշում:
Ավելին, հավանական է, որ 2014-ին Նախիջեւանի ուղղությամբ հայկական զինուժի գործողությունը երկու տարի անց վճռորոշ նշանակություն է ունեցել ապրիլյան քառօրյայի ընթացքում: Բացառել պետք չէ, որ Ադրբեջանը մի քանի տարի շարունակ հասունացնում էր հարվածը ոչ միայն արցախյան, այլ նաեւ նախիջեւանյան ուղղությամբ եւ գլխավոր հարվածը հասցվելու էր երկու կողմից՝ մյուսը Նախիջեւանից: Ըստ ամենայնի, հայկական զինուժը 2014 թվականին փակել է Նախիջեւանից ավելի մասշտաբային հարվածի գործողության ճանապարհը, ինչն ապրիլյան քառօրյային կարող էր շատ ավելի բարդացնել Ադբեջանի գրոհին դիմադրության խնդիրը:
Չի բացառվում, որ հայկական կողմը համարեց, որ դրանով գրոհի հարցը փակել է ընդհանրապես: Ռուսաստանի համար Նախիջեւանից գրոհը արգելափակելու հայկական զինուժի գործողությունը շահեկան էր, իսկ ընդհանրապես Ադրբեջանի գրոհը արգելափակելը՝ ոչ: Ռուսաստանը հասունացնում էր այդ գրոհը, այնպես, որ դա տեղի ունենա առավելապես իր հաշվարկի եւ պլանավորման շրջանակում, ոչ թե ադրբեջանա-թուրքական:
Նյութի աղբյուրը՝ Lragir.am