Lragir.am-ը գրում է.
Մարտի 23-ին ՀՀ քննչական կոմիտեն տարածել է հաղորդագրություն, ըստ որի ձերբակալվել են «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Հաղարծին տեղամաս» մասնաճյուղի ղեկավար Ա.Մանուչարյանը և նախկին ղեկավար Հ. Հովհաննիսյանը:
Ըստ ՔԿ-ի՝ 2014-2017թթ. «Դիլիջան ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության պահաբաժիններում իրականացվել են ապօրինի ծառահատումներ՝ հատելով ավելի քան 6000 ծառ, որի հետևանքով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի վնաս:
Ծառահատումները կրել են կազմակերպված բնույթ. փայտանյութ իրացնելու նպատակով ծառահատումներ իրականացնելու համար կայուն հանցավոր խումբն ստեղծվել է 2014 թվականին։ Պարզվել է խմբի ստեղծմանը և ղեկավարմանը, ծառահատումներին անմիջական մասնակցություն ունեցած անձանց ինքնությունը, ովքեր քրեական գործով որպես մեղադրյալ են ներգրավվել դեռևս 2017 թվականի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին։ Քրեական գործի շրջանակներում ընդհանուր առմամբ մեղադրանք է առաջադրվել 5 անձի, տեղեկացրել է Քննչական կոմիտեն:
Հետաքրքիր է, որ ՔԿ այս հաղորդագրությունից հետո Դիլիջան Ազգային պարկում իրար հետեւից մի քանի խոշոր հրդեհներ եղան, այրվեց բավական ընդարձակ տարածք:
Կապ ունե՞ն այս իրադարձությունները միմյանց հետ:
Հիշվում է, անցյալ տարի մի քանի ցույցեր ու ակցիաներ կազմակերպվեցին, հրդեհվեցին պահակակետեր մի քանի տեղամասերում, երբ քայլեր ձեռնարկվեցին ապօրինի անտառահատումները կանխելու ուղղությամբ: Ըստ տեղեկությունների, այս բիզնեսը «վերեւներում» խիստ ազդեցիկ հովանավորներ ունի:
Նյութի աղբյուրը՝ Lragir.am


