Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի զորամիավորումներից մեկը այսօր՝ ապրիլի 6-ին, անցկացրել է մարտական հրաձգությամբ մեծ արտապլանային զորավարժություն։
Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը զորավարժությունների վերաբերյալ գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում. «Զորավարժությունն աննախադեպ էր իր գործողությունների հանկարծակիությամբ, ուժերի, միջոցների եւ ընդգրկված զորատեսակների առումով։ Զորավարժությունն անցկացվում էր բարձր լեռնային տեղանքում, բացառիկ սցենարով»:
Նշենք, որ զորավարժության կրակային փուլին հետեւել են ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը, բարձրաստիճան զինվորականներ:
Համաձայն զորավարժության սցենարի` զորավարժարանում խաղարկվել են պայմանական հակառակորդի հարվածային խմբավորումների եւ հատուկ նշանակության ստորաբաժանումների հանկարծակի հարձակումը հետ մղելու գործողություններ:
Բանակային զորամիավորումն ուժեղացման միջոցներով եւ ուժերով վարել է օջախային պաշտպանական մարտական գործողություններ, մարտավարական եւ բանակային ավիացիայի հարվածներով ու հրետանու կրակով խոցել հակառակորդի հատուկ նշանակության ստորաբաժանումները, հայտնաբերված պահեստազորը, օբյեկտներն ու նշանակետերը, վերականգնել դրությունը` հակառակորդին ստիպելով կնքել կրակի դադարեցման համաձայնագիր: