«Հրապարակ»  թերթի ուշադրության կենտրոնում է «Եվրոմոթորս» ընկերության տնօրեն Արթուր Եգորյանը:

Ըստ թերթի` տնօրենը շարունակում է ազատության մեջ հանգիստ խղճով ապրել, մինչդեռ 2012թ. նոյեմբերի 25-ին նա ծեծի էր ենթարկել Հայկազ Խաչատրյանին, ով այնուհետև հիվանդանոցում մահացել էր:

Հ.Խաչատրյանը, փաստորեն, այդպես էլ դուրս չէր գրվել հիվանդանոցից և այդ ընթացքում նաև ուղեղի կաթված էր ստացել:

Թերթի պատմելով` դեպքը տեղի էր ունեցել Ա.Եգորյանի մոր ծննդյան օրը, երբ նրանց տանը կազմակերպված խնջույքի ժամանակ հարևանը` Հ.Խաչատրյանի որդին, լուսադեմին բարձրացել էր հարևան Ա.Եգորյանի մոր բնակարան և բողոքել էր մինչև լույս հնչող բարձր երաժշտությունից:

Արդյունքում` փորձել էին պատժել երիտասարդին, սկսվել է քաշքշուկ և միջանցքում բարձրացած աղմուկից տանից դուրս է եկել երիտասարդի հայրը` Հ.Խաչատրյանը: Ծեծկռտուքի ժամանակ Ա.Եգորյանը հրել է Հ.Խաչատրյանին, որի հետևանքով վերջինիս գլուխը դիպել է պատին:

Թերթը նշում է, որ Ա.Եգորյանը Փայլակ Հայրապետյանի եղբոր որդին է:

Ոստիկանությունը փաստի առթիվ հարուցել էր քրեական գործ: Երեկ թղթակիցը հետաքրքրվել է, թե ինչ ընթացքում է գործը, սակայն ոստիկանությունից պատասխանել են, որ նախաքննությունը շարունակվում է: