Հայ հայտնիները շարունակում են արձագանքել Հայաստանում ընթացող քաղաքացիական շարժմանը: Հաղորդավարուհի Լուսինե Բադալյանը, որը միշտ աչքի է ընկել իր ընդդիմադիր հայացքներով, ոչ միայն ստատուսներ է գրում համացանցում, այլեւ մասնակցում երթերին:
Լուսինեն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Ճանապարհները փակելուց կյանքումս երկու անգամ եմ հաճելիորեն զարմացել. առաջին անգամ Նյու Յորքում, երբ ոստիկանները կարճ ժամանակով Մանհեթնի փողոցները հերթով փակում֊բացում էին միլիոնավոր մարդկանց շարժը կարգավորելու համար (էնտեղ ցույցերից տուրիզմը չի տուժում) ու չէին զլանում հատ֊հատ մոտենալ, ներողություն խնդրել բոլորից (կներեք պատճառած անհանգստության համար, խնդրում ենք մի րոպե կանգնել, սա ձեր իսկ անվտանգության համար է արվում, շնորհակալություն ու ժպիտ), ու դու նախանձով նայում ես ու մտածում. «Տեսնես կեղնի մի օրըմ օր....»: Մեկ էլ այսօր, երբ Վարդանանցը փակելիս ամեն րոպեն մեկ չէին զլանում, ու հանգիստ տոնով լսվում էր. «Ժողովուրդ ջան, կներեք պատճառած անհանգստության համար» և այլն, «Արա, չես տենում՝ փագ ա, ո՞ւր ես մտնում, այ ես քու տու՜՜՜՜՜»-ի փոխարեն։
Ասածս ի՞նչ է. էս ժողովուրդն ընդամենը իր նկատմամբ հարգանք է ուզում ... ուզում է՝ բազմահազար մարդկանց չասեն մի խումբ ցուցարարներ, որ իրենց չտեսնելու չտան, որ իրենց հարցերին հարգանքով ու համբերատարությամբ պատասխանեն, ինչպես այս օրերին է արվում։ Անկախ ելքից՝ այս մի քանի օրը մեր երիտասարդները նվաճել են քաղաքակրթության մի նշաձող, որից հետ դարձի ճանապարհ չպիտի լինի։ Քաղաքակիրթ մարդկանց չեն ծեծում, իրենց հետ հաշվի են նստում ։)
Հա', մեկ էլ բրավո մեր լրագրողներին (ոչ թիվի). ճիշտ լրագրությունը երկիր է կառուցում և՝ հակառակը»: