Մաշտոցի պողոտայում լարված իրավիճակ էր քիչ առաջ։ Ցուցարարների մի մեծ խումբ փակել է Մաշտոց-Պուշկին խաչմերուկը, իսկ ոստիկանները փորձում էին բացել այն։ Իրավապահները մի ցուցարարի էին փորձում բերման ենթարկել, սակայն ցուցարարները փակեցին մեքենայի ճանապարհը։ Ի վերջո, իրավապահները ազատ արձակեցին երիատասարդին, որից հետո ոստիկանական մեքենային թույլատրվեց հեռանալ։

Այս տարածքում են նաեւ ապրիլյան պատերազմի մի խումբ մասնակիցներ, որոնք կանխեցին հնարավոր թեժացումը։ Նրանցից մեկը նշեց, որ ոստիկաննեը մասնակցել են նաեւ ապրիլյան պատերազմին եւ այսօր էլ, Աստված մի արասցե, եթե կարիք լինի, կգնան առաջնագիծ։ Այս պահին իրավիճակը հանդարտվել է, ճանապարհները փակ են մնում։

ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի գլխավորած երթն էլ այս պահին շարժվում է Էրեբունի վարչական շրջանի փողոցներում։ Ցուցարարների մի խումբ էլ փակել է «Դամլա գարդեն մոլի» ճանապարհը։ Ոստիկանները բանակցում են ճանապարհը բացելու համար։

Բողոքի լայնածավալ ցույցեր են Երեւանի տարբեր փողոցներում, հանրապետության տարբեր վայրերում։ Այս պահին հանրահավաք է ընթանում Վանաձորի հրապարակում։

Նշենք, որ այսօր հայտարարությամբ շարժմանն են միացել «Ելք» դաշինքի մյուս երկու ուժերը՝ «Հանրապետությունը» եւ «Լուսավոր Հայաստանը»: Իսկ ԲՀԿ-ն իր կողմնակիցներին կոչ արել հանրապետության բոլոր մարզերում եւ Երեւանում մոբիլիզացվել եւ դուրս գալ փողոց, լինել ժողովրդի կողքին:

Հիշեցնենք, որ ԱԺ պատգամավոր, «Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի գլխավորած շարժման 11 օր տեւած բողոքի ակցիաներից հետո, ապրիլի 23-ին Սերժ Սարգսյանը հրաժարական է տվել:

Փաշինյանը հայտարարել էր, որ ապրիլի 25-ին իշխանությունների հետ շարունակելու են բանակցությունները՝ իշխանության անցնցում փոխանցման շուրջ, սակայն ապրիլի 24-ի երեկոյան պարզ դարձավ, որ հանդիպումը չի կայանա: Կարեն Կարապետյանը հայտարարել է, որ Փաշինյանը միակողմանի նոր պահանջներ է առաջադրել: Փաշինյանն իր հերթին հայտարարել է, որ վերսկսում են բողոքի գործողությունները, քանի որ ՀՀԿ-ն Սերժ Սարգսյանի հրաժարականի գնով ուզում է պահպանել իշխանությունը:

Փաշինյանը կոչ է արել այսօր՝ ապրիլի 25-ին վերսկսել քաղաքացիական անհնազանդության ակցիաները եւ թույլ չտալ, որ ՀՀԿ-ն մնա իշխանության: