Կրեմլն ակնկալում է, որ Հայաստանի իրադրությունը մոտ ժամանակներս կկարգավորվի սահմանադրական ճանապարհով: Այդ մասին, ինչպես հաղորդել է ՏԱՍՍ-ը, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Հայաստանում շարունակվող բողոքի ակցիաները: «Մենք գտնում ենք, որ դա Հայաստանի ներքին գործն է:
Ցանկանում ենք հուսալ, որ իրադրությունը հնարավորինս շուտ կկարգավորվի սահմանադրական դաշտում»,- ասել է նա: Ինչ վերաբերում է բանակցություններին, որոնք Մոսկվայում պլանավորում է անցկացնել Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, Պեսկովը նշել է, որ «այդ բանակցությունները կընթանան կառավարության եւ արտաքին գործերի նախարարության գծով»: «Ես հուսով եմ, որ իմ գործընկերները համապատասխան տեղեկատվություն կտրամադրեն ձեզ»,-ասել է Կրեմլի ներկայացուցիչը:
Պեսկովը նշել է, որ ՌԴ-ն եւ Հայաստանը լայն կապեր ունեն, «ուստի այդ հարաբերությունների իրականացումը թելադրում է հաճախակի այցերի ու շփումների անհրաժեշտությունը, մանավանդ նման ոչ դյուրին պահերի»: Պատասխանելով այն հարցին, թե հայերի խաղաղ ցույցերը Կրեմլում համարում են արդյոք այն կառուցողական երկխոսության բաղկացուցիչ մասը, որի կոչն էին արել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը եւ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույցի արդյունքներով, Պեսկովը հույս է հայտնել, որ բողոքի ակցիաների մասնակիցների հետ «կլինեն կառուցողական շփումներ, որոնք թույլ կտան գալ փոխզիջման»:
Նյութի աղբյուրը ՝ 168.am