«Ելք» խմբակցության ղեկավար, «Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը նախօրեին՝ ապրիլի 26-ին, հանդիպել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ։

Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջում գրել է.

«Երեկ երեկոյան հանդիպում եմ ունեցել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ։

Քննարկել ենք Հայաստանում ստեղծված վիճակը եւ լուծման հնարավոր ուղիները։

Հ.Գ. Պարոն Սարգսյանը իր հետ բերել էր նաեւ փաստաթղթեր այն մասին, որ ինքը Մեծ Բրիտանիայի քաղաքացիությունը կորցրել է 2011 թվականի դեկտեմբերին»:

Հիշեցնենք, որ ԱԺ պատգամավոր, «Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի գլխավորած շարժման 11 օր տեւած բողոքի ակցիաներից հետո, ապրիլի 23-ին Սերժ Սարգսյանը հրաժարական է տվել:

Փաշինյանը հայտարարել էր, որ ապրիլի 25-ին իշխանությունների հետ շարունակելու են բանակցությունները՝ իշխանության անցնցում փոխանցման շուրջ, սակայն ապրիլի 24-ի երեկոյան պարզ դարձավ, որ հանդիպումը չի կայանա: Կարեն Կարապետյանը հայտարարել է, որ Փաշինյանը միակողմանի նոր պահանջներ է առաջադրել: Փաշինյանն իր հերթին հայտարարել է, որ վերսկսում են բողոքի գործողությունները, քանի որ ՀՀԿ-ն Սերժ Սարգսյանի հրաժարականի գնով ուզում է պահպանել իշխանությունը:

Արդեն երեկ՝ ապրիլի 26-ին, Փաշինյանը Կարեն Կարապետյանին հրավիրել է հրապարակային հանդիպման «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում: