ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը մայիսի 2-ին հայտարարություն է տարածել՝ դիմելով բոլոր քաղաքական ուժերին՝ կամք, վճռականություն և ճկունություն ցուցաբերել, նստել մի սեղանի շուրջ: Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հայտարարության մեջ ասվում է.
«Հարգելի՛ քաղաքացիներ,
Ելնելով այսօր մեր երկրում ստեղծված իրավիճակից, ինչպես նաև պառլամենտական կառավարման համակարգի առանձնահատկություններից՝ դիմում եմ բոլոր քաղաքական ուժերին՝ կամք, վճռականություն և ճկունություն ցուցաբերել, նստել մի սեղանի շուրջ: Բոլորս գիտակցում ենք, որ անհրաժեշտ են քաղաքակիրթ և կիրառական արագ լուծումներ՝ քաղաքական ճգնաժամը հաղթահարելու համար, որքան էլ դա դժվար թվա:
Վարչապետ կարող է ընտրվել միայն խորհրդարանում՝ սահմանադրական ճանապարհով։ Այլ լուծում գոյություն չունի՝ ոչ տեսականորեն, ոչ պրակտիկորեն:
Վստահ եմ, որ համատեղ ուժերով այս փորձությունն էլ մեր երկիրը կհաղթահարի»: