Դերասան, հանդիսավար Սարգիս Գրիգորյանն Instagram-ի իր էջում նոր տեսանյութ է հրապարակել: Սարգիս Գրիգորյանն իր տեղադրած տեսանյութում պատմել է երեկ իր հնչեցրած առաջարկի մասին՝ վարչապետի ընտրության օրը հանրահավաքին մասնակցել սպիտակ վերնաշապիկներով: Ի դեպ, դերասանի կողմից հնչեցված առաջարկը հավանության է արժանացել շատերի կողմից, ովքեր միացել են Սարգիս Գրիգորյանի այս գաղափարին:


Իր հրապարակած տեսանյութին կից Սարգիսը գրել է. «Սկսենք նոր էջից` խախաղ, օրինական, արդար ու արժանապատիվ էջից...Թող սպիտակ գույնը ամբողջ աշխարհին վարակի սիրով, հարգանքով, երջանկությամբ ու բարությամբ: P.S. (Վերնա)շապիկի ճերմակը, թող խորհրդանիշը լինի մեր հոգիների մաքրության...Աստծո ուժով ու մեր միասնությամբ...ՏԱՐԱԾԵՔ, ՈՐ ԻՄԱՆԱՆ ԲՈԼՈՐԸ...»: Իսկ հեշթեգներում դերասանը նշել է «դուխով, հայեր» բառերը:

Հիշեցնենք, որ երեկ դերասան Սարգիս Գրիգորյանը դիմելով իր հետևորդ-երկրպագուներին առաջարկ էր արել: Նա գրել էր. «Հարգելի հայեր, բարեկամներ առաջարկ կա մայիսի 8-ին` վարչապետի ընտրության օրը: Բոլորս կրենք սպիտակ վերնաշապիկներ` ի նշան բարության, խաղաղ հեղափոխության ու Հայաստանի լուսավոր ապագայի...Եթե համամիտ եք ՏԱՐԱԾԵՔ»: