Shamshyan.com-ը գրում է.

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ մայիսի 4-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի քննիչի որոշմամբ ձերբակալվել է Աշտարակ քաղաքի Տիգրան Մեծի փողոցի բնակիչ՝ 23-ամյա Ռազմիկ Հովհաննիսյանը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս կասկածվում է այսօր 26-ամյա Գոռ Գասպարյանին դանակի մի քանի հարվածով սպանելու մեջ։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ կասկածյալ Ռ. Հովհաննիսյանը քննչական մարմնին հայտնել է, որ ինքը դերասան է և նկարահանվել է մի քանի սերիալներում։ Շենգավիթի ոստիկաններն ու քննիչները ձեռք են բերել տեսանյութ, որը ֆիքսել է տեսախցիկը, թե ինչպես է տեղի ունեցել սպանությունը։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, այսօր՝ մայիսի 4-ին, սպանություն էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:50-ի սահմաններում ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ էր ստացվել, որ Վերին Շենգավիթ 2-րդ փողոցում երիտասարդ տղայի դի կա:

Դեպքի վայր էին ժամանել ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Սարգիս Մարտիրոսյանի, ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ Շենգավիթի ոստիկանապետ Հրաչ Խոստեղյանի և ոստիկանության Չարբախի բաժանմունքի պետ Արթուր Ֆիշյանի գլխավորությամբ:

Ժամանել էին նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետի տեղակալ Ռոբերտ Վարդանյանի գլխավորությամբ: Տեղում քննչական աշխատանքները ղեկավարել էր ավագ քննիչ Դավիթ Սարոյանը, ում կողմից փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) հատկանիշներով: Ոստիկաններն ու քննիչնեերը նշված փողոցում հայտնաբերել էին Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Անդրանիկի 97 շենքի բնակիչ, 26-ամյա Գոռ Գասպարյանի դին:

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ նրա մարմնի վրա եղել էր սուր կտրող-ծակող առարկայից ստացած հարվածի 3 հետք: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հարվածներից մեկը նա ստացել էր ձախ կրծքավանդակի՝ սրտի հատվածում:

Սպանության կասկածանքով ձերբակալված, իրավապահներին դերասան ներկայացած 23-ամյա Ռազմիկ Հովհաննիսյանն է

Նյութի աղբյուրը ՝ http://shamshyan.com/hy/article/2018/05/04/1095252/