Ունենք 95 տոկոս հավանականություն, որը վաղը ժողովրդի թեկնածուն կընտրվի ՀՀ վարչապետ։ Այդ մասին Հանրապետության հրապարակում ընթացող հանրահավաքում հայտարարել է վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը ։

«Վաղը, 12-ին Ազգային ժողովում սկսվելու է վարչապետի ընտրությունը։ Ինչպես պայմանավորվել են, ժամը 11-ից կոչ եմ անում ՀՀ քաղաքացիներին հավաքվել Հանրապետության հրապարակում։ Արդեն իսկ պաշտոնական հավաստիացում եմ ստացել, որ ժողովրդի թեկնածուի օգտին քվեարկելու է ՀՅԴ, «Ելք», «Ծառուկյան» դաշինք խմբակցությունները եւ ՀՀԿ խմբակցության մի շարք պատգամավորներ։ Ունենք 95 տոկոս հավանականություն, որը վաղը ձեր առաջադրած թեկնածուն կընտրվի ՀՀ վարչապետ»,- ասել է Փաշինյանը։

Նա նաեւ նշել է, թե իրեն հարցնում են՝ վաղը գործադուլ-դասադուլ չենք անում։ «Ոչ, ժողովուրդ, ես ուղղակի վաղը հայտարարում եմ ոչ աշխատանքային օր»,- ասել է Փաշինյանը, որ հավաքվելու են Հանրապետության հրապարակում՝ ժողովրդի հաղթանակը նշելու։

Նա նաեւ ողջունել է երաժիշտ Սերժ Թանկյանին, նշել, որ նրան ճանապարհին համոզում էր մշտական բնակության վերադառնալ Հայաստան։ «Նա խոստացավ մտածել այդ մասին»,- ասել է Փաշինյանը։

Նշենք, որ վաղը կայանալու է Ազգային ժողովի հատուկ նիստ, որտեղ վարչապետ են ընտրելու։ Թեկնածուն մեկն է՝ Նիկոլ Փաշինյանը, որին մայիսի 1-ին ՀՀԿ-ն դեմ քվեարկեց։

Այս անգամ ՀՀԿ-ն որոշում է կայացրել՝ համապատասխան քանակի ձայներով օժանդակել նրա ընտրությանը։