ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանն այսօր ԱԺ-ում կայացած ՎՊ 2012 թվականի տարեկան հաշվետվության քննարկմանը  կատարեց որոշակի դիտարկումներ, ըստ որոնց Վերաքննիչ պալատը ձևավորված է կառավարող կոալիցիայի կողմից:

Իր խոսքում պատգամավորը նշեց, որ ՎՊ-ի ոլորտային ուսումնասիրությունների գնահատականները  որոշակի վերապահումներով են:

«ՀՀ ԱԺ-ն Սահմանադրությամբ և կանոնակարգող օրենքներով վերահսկում է բյուջեի կատարումը: Այսինքն`  հնարավորություն ունի ավելի արդյունավետ դարձնել աշխատանքները: Սակայն ստացվում է , որ ձևականորեն քննարկումներից բացի այլ գործընթացներին մասնակցություն ունենալ չի կարող»,-գնահատեց Ջհանգիրյանը:  Նա նաև ավելացրեց, որ պետբյուջեից կատարվող հափշտակությունների բացահայտումները, չղեկավարվող վիճակը  ՎՊ-ին պարտադրում է անցկացնել երկարաժամկետ վերահսկողություն:

«Եթե քննարկվող հաշվետվության խախտումներ են բացահայտվել, ինչպես նաև  չարաշահումներ, անօրինական աշխատանքներ, ապա պետք է այդ ամենը փոխարինենք քրեաօրենսդրական տերմիններով, որոնցից էլ դուրս կգան մեղադրական ակտի ամբողջական հոդվածներ»,- ասաց Ջհանգիրյանը: Վերջինիս գնահատմամբ` ԱԺ-ին մնում է զարմանալ ու զայրանալ, թե ինչքան են մարդիկ «խժռում»: Վերջում պատգամավորը ասաց, որ ՎՊ-ի արձանագրած փաստերը միտումնավոր ուռճացվում են , և որ ՀՀ ԱԺ-ի սահմանադրական իրավունքից  բխում է պարզել, թե խնդիրներից որոնք են համապատասխանում իրականությանը, իսկ եթե չպարզվեն, ապա իրենք էլ կդառնան հանցակից: ««ՎՊ-ի նախագահը մեր խմբակցության հետ այս հաշվետվությունը քննարկելիս խոստովանել է, որ ինքն այլևս դատախազություն չի դիմելու, քանի որ հիասթափվել է դատախազության տարած աշխատանքից»,-եզրափակեց Ջհանգիրյանը: